Տիբիլովը որոշել է Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվե նախաձեռնել

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլով, արխիվ

Կրեմլից, մինչդեռ, հերքում են, թե Հարավային Օսիայի ղեկավարի հետ քննարկել են հանրաքվեի հարցը:

Հարավային Օսիայում մտադիր են կյանքի կոչել դարավոր երազանքը՝ մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին երեկ հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը՝ ազդարարելով հանրաքվե նախաձեռնելու իր որոշման մասին:

«Այսօրվա քաղաքական իրողություններն այնպիսին են, որ մենք պետք է պատմական ընտրություն կատարենք, պետք է միանանք եղբայրական Ռուսաստանին՝ այդպիսով դարեր շարունակ ապահովելով մեր անվտանգությունն ու մեր հանրապետության և ժողովրդի զարգացումը»,- Հարավային Օսիայի ղեկավարի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ասել է Տիբիլովը:

Նա ընդգծել է, թե չի կասկածում, որ ժողովուրդը «այո» է ասելու այդ նախաձեռնությանը ՝ կրկնելով նույն խոսքերը, որ հնչեցրել էր դեռևս 2014 թվականի ամռանը, երբ հայտարարել էր, թե Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գաղափարը նստած է Հարավային Օսիայի յուրաքանչյուր քաղաքացու մեջ:

Տիբիլովի խոսքով՝ Ռուսաստանին միանալը Հարավային Օսիայի ժողովրդի դարավոր երազանքն է, ինչի համար էլ ավելի քան երկու դար է տառապում է՝ դիմակայելով «վրացական շովինիզմին և ֆաշիզմին»:

Շուրջ 70 հազար բնակչություն ունեցող Հարավային Օսիայում կարգավիճակի վերաբերյալ նախկինում արդեն երկու հանրաքվե է անցկացվել՝ 1992 և 2006 թվականներին: 1992-ին Հարավային Օսիայի բնակիչները հավանություն էին տվել Ռուսաստանին միանալու մասին իրենց Գերագույն խորհրդի որոշմանը, իսկ 2006-ին կողմ էին քվեարկել անկախությանը, ինչը, ըստ էության, ժխտում է առաջին հանրաքվեի արդյունքները: Տիբիլովը իրավական այս խառնաշփոթը բացատրում է հետևյալ կերպ․ - «Մենք չէինք հրաժարվել Ռուսաստանից՝ 2006-ի հանրաքվեի հիմնական գաղափարը Վրաստանից անկախանալն էր»:

Ըստ հաղորդագրության՝ երեկ Ռուսաստանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը Տիբիլովը շեշտել է, որ հանրաքվե անցկացնելու որոշումը իրականացվելու է միայն ռուսական կողմի հետ համաձայնեցումից հետո:

Մինչդեռ Կրեմլն այսօր հերքում է Հարավային Օսիայի ղեկավարի պաշտոնական հայտարարությունն այն մասին, թե Վլադիմիր Պուտինի օգնականի հետ հանրաքվեին առնչվող հարցեր են քննարկվել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ երեկ երեկոյան Ցխինվալիում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են ընդամենը ինտեգրմանն առնչվող հարցեր:

«Դա անկախ պետություն է, որը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Պեսկովը՝ հրաժարվելով հարցի շուրջ այլ մեկնաբանություններից:

Ի դեպ, Ռուսաստանի կազմում ընդգրկվելու ցանկություն, այն էլ՝ մի քանի անգամ, հայտնել էր նաև Մերձդնեստրը, սակայն Կրեմլը դա անպատասխան էր թողել:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտին Ռուսաստանն ու Հարավային Օսիան ստորագրեցին «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման» մասին պայմանագիր, որը ենթադրում է ավելի սերտ ինտեգրում: Ընդ որում, այն ժամանակ տարբեր մակարդակներում ընդգծվում էր, որ խոսքը միացման մասին չէ: