Ասադին հավատարիմ ուժերի հարձակումը Հալեպի մերձակայքում շարունակվում է

Սիրիայի կառավարական զորքերի ներկայացուցիչները ստուգայց են կատարում նոր գրավված տարածքներից մեկում, հոկտեմբեր, 2015թ.

Հալեպի մոտ 35 հազար բնակիչներ վերջին երեք օրերին լքել են քաղաքը` կառավարական զորքերի լայնածավալ հարձակման պատճառով:

Այս մասին տեղեկացնում են սիրիական աղբյուրները՝ նշելով, որ կառավարական զորքերի հարձակումը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Ասադին հավատարիմ ուժերին հաջողվել է գրավել քաղաքի մեձակայքում գտնվող գյուղերից մի քանիսը:

Կառավարական զորքերի հարձակումն ուղեկցվել է ռուսական օդուժի կողմից իրականացված նոր օդային հարվածներով: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամերին ռուսական օդուժը հարվածներ է հասցրել նաև Լաթաքիայի, Դամասկոսի և Համայի մերձակայքում գտնվող 49 թիրախների: