Կանադայի Սենատի խոսնակը հաջորդ տարի կայցելի Հայաստան

Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով հաջորդ տարի պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն փոխանցմամբ, Սահակյան-Հուսակոս հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր:

«Մեր խորհրդարանների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում կրում է մշտական և կառուցողական բնույթ: Մենք երախտապարտ ենք կանադական կողմին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետևողականորեն աջակցելու համար», - ասել է Սահակյանը:

Խոսելով հայ-կանադական բարեկամական հարաբերությունների մասին՝ Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Կանադայի անկեղծ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսևորվել է նաև 2002 թվականին, երբ Կանադայի Սենատի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը վերահաստատվել է այս տարվա մայիսին: Նա նշել է, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է Կանադայի դիրքորոշումը, ըստ որի՝ մարդկության դեմ իրագործված նման ոճիրները պետք է դատապարտվեն և կանխարգելվեն:

«Մենք բարձր ենք գնահատում նաև Կանադայի հավասարակշռված և չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ», - ասել է Հայաստանի ԱԺ նախագահը:

Լեո Հուսակոսն, իր հերթին, ասել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են: «Կանադան օրհնված է, որ իր հասարակության մասն են կազմում նաև հայերը: Մենք հպարտանում ենք նրանցով», - նշել է Սենատի խոսնակը:

Լեո Հուսակոսը վստահեցրել է, որ հայ - կանադական համագործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի:

Կանադայի Սենատի ղեկավարի խնդրանքով Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին և սպառիչ պատասխաններ տվել ադրբեջանական ագրեսիայի և հայկական հակազդեցության վերաբերյալ:

Կողմերը խոսել են նաև Հայաստանում սպասվող սահմանադրական բարեփոխումների մասին: