Վերլուծաբան. Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է մանևրի հնարավորինս մեծ տարածություն

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Ըստ Հակոբ Բադալյանի, Տիգրան Սարգսյանին ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար նշանակելու որոշումը ավելի շատ ներքին ուղղվածության ենթատեքստ կարող է ունենալ։

«Արտաքին առումով չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանի դերակատարումը շատ էական փոփոխություն բերի ԵՏՄ-ում Հայաստանի քաղաքական կշռի մասով», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի ղեկավար նշանակելու մասին։

Հիշեցնենք, ուրբաթ օրը Ղազախստանում կայացած ԵՏՄ-ի գագաթնաժողովում՝ անդամ հինգ երկրների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարվեց, որ 2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը անցնելու է Հայաստանին, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Բադալյանի կարծիքով, այդ որոշումը ավելի շատ ներքին ուղղվածության ենթատեքստ կարող է ունենալ։ «Փաստացի, Հայաստանի նախկին վարչապետը, որը, ընդհանուր առմամբ, հայտնվել էր համընդհանուր ներքաղաքական գործընթացի թիրախի դերում, այժմ հայտնվում է այդ գործընթացից ավելի բարձր կարգավիճակում, այսինքն՝ ԵՏՄ-ի կառավարության փաստացի ղեկավարի պաշտոնում: Իհարկե, դա ժամանակավոր պաշտոնավարում է լինելու, այսինքն՝ ռոտացիոն սկզբունքով է այդ պաշտոնը կառավարվելու, բայց, բոլոր դեպքերում, հենց նշանակումը և Տիգրան Սարգսյանի թեկնածության առաջարկն ինքնին ենթադրում է, որ ներքին կյանքին Տիգրան Սարգսյանը փաստացի ավելի է մոտենում ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի հեռավորությունից հետո», - ասաց վերլուծաբանը։

Ըստ Բադալյանի՝ սա նաև ենթադրում է, որ առնվազն հոգեբանական առումով Հայաստանի իշխող համակարգի վրա դա անկասկած թողնելու է իր ազդեցությունը։

«Շատ դժվար է ասել, թե կոնկրետ որն է Սերժ Սարգսյանի նպատակը, բայց ընդհանուր ներքաղաքական և ավելի շուտ ներիշխանական զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ էդ զարգացումներում ընդհանրապես Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է մանևրի հնարավորինս մեծ տարածություն։ Այդ իմաստով, որքան շատ լինեն, այսպես ասած, ներքաղաքական ուժի կենտրոններն ու թևերը, այդքան շատ ավելի մեծ կլինի Սերժ Սարգսյանի մանևրի հնարավորությունը, և այդ իմաստով, կարծում եմ, նա պարզապես ևս մեկ խաղացողով փորձում է բազմազանեցնել խաղի շերտավորումը ներիշխանական համակարգի՝ դրանով իսկ ապահովելով հնարավորինս լայն գործունեության դիապազոն առաջին հերթին, կարծում եմ, իր համար», - նշեց Հակոբ Բադալյանը։