Համանախագահները կոչ են անում վերջ դնել բռնությանը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումների մեջ են՝ բռնության նոր դեպքերի առնչությամբ։

«Մենք կոչ ենք անում վերջ դնել հարձակումներին և վրեժխնդրությանը»,- «Թվիթեր»-ում գրել է ամերիկացի համանախագահը։

Այսօր հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

«Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ-ի հայտարարությունում: