Վաշինգտոնում հայ արքեպիսկոպոսը աղոթք անցկացրեց

ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը Վաշինգտոնում

ԱՄՆ մայրաքաղաքի սրտում կազմակերպված համատեղ աղոթքի նպատակն էր հոգևոր ուժ հաղորդել Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին:

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի մասնակցությամբ և առաջնորդությամբ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները Կապիտոլիումի բարձունքի վրա գտնվող Սուրբ Հովսեփ եկեղեցում աղոթք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն քրիստոնյաների:

Արքեպիսկոպոսի խոսքով, չնայած Մերձավոր Արևելքը քրիստոնեության բնօրրանն է, քրիստոնյաների վիճակն այստեղ այսօր առավել ծանր է, և Միացյալ Նահանգների մայրաքաղաքի սրտում կազմակերպված համատեղ աղոթքի նպատակն է հոգևոր ուժ հաղորդել Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին:

«Մենք այսօր այս աղոթքի մեջ բոլորս էլ, որպես հոգևոր եղբայրներ ու հավատացյալներ, այդ ուժը զգացինք, և մեր հավատքն է, որ Աստված այդ ուժը կփոխակերպե իր ներգործությամբ, և մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը հանգիստ կյանք կգտնեն այնպես, ինչպես մենք դարերով համակեցություն ունեցած ենք իրենց հետ, որ չարը հեռանա և բարիքը հաղթանակի», - ասաց Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:

Նրա խոսքով, սակայն, աղոթքի հետ մեկտեղ Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին անհրաժեշտ է նաև նյութական օգնություն հատկացնել, ինչի համար և պայքարում են Միացյալ Նահանգների քրիստոնյա կազմակերպությունները՝ գիտակցելով, որ թեև պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիայի և Իրաքի բոլոր բնակիչներն են ծանր պայմաններում ապրում, քրիստոնյաների վիճակը հատկապես ծանր է և վտանգավոր:

«Միմիայն խոսքերով ցավակցություն հայտնելը փրկություն չէ: Այնտեղ մենք ունենք ամենօրյա զոհեր, և չթվեմ այն բոլոր անմարդկային արարքները, որոնք տեղի են ունենում. ստրկություն, թափառում, կամայական սպանություններ և մանավանդ՝ խմբակային ոճիր, պարզապես երբեմն իրենց քրիստոնյա լինելու համար», - ընդգծեց Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:

Նա հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգները լայնածավալ օգնություն կցուցաբերի Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին՝ փրկելով նրանց հնարավոր նոր եղեռնից: