Բելառուսի ԿԸՀ-ն գրանցել է նախագահական ընտրությունների չորս թեկնածուներին

Բելառուս - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոտշինան (աջից) նախագահական թեկնածուի նույնականացման քարտ է հանձնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի ներկայացուցիչ Միխայիլ Օրդային (ձախից), Մինսկ, 10-ը սեպտեմբերի, 2015թ․

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների չորս թեկնածուների անունները։

Նրանց թվում են առաջին կին-թեկնածու Տատյանա Կարատկևիչը, ով ներկայացնում է «Խոսիր ճշմարտությունն» անվամբ ընդդիմադիր շարժումը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սյարհեյ Հայդուկևիչը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Միկալայ Ուլախովիչը և գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից։

2010 թվականին տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններից հետո Բելառուսի իշխանությունը բիրտ ուժ է կիրառել ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ և բանտարկել է տասնյակ ակտիվիստների, այդ թվում՝ նախագահության թեկնածուներից մի քանիսին։