Մարտի 1-ին սպանվածների հարազատներն իրենց խաբված են զգում

Մարտի 1-ի զոհերի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում, 15-ը սեպտեմբերի, 2011թ.

2008-ի մարտի 1-ին սպանվածների հարազատներն իրենց խաբված են զգում։ Եվրադատարանում նախկին ազգային դատավոր Ալվինա Գյուլումյանի նախօրեի պնդումները «Ազատության» եթերում նրանց հիմք են տվել եզրակացնելու, որ սպանությունների գործերով նախաքննությունը շարունակելուն ուղղված իշխանությունների բոլոր խոստումներն ու հրահանգները Եվրոպական դատարանում իրենց գանգատների քննությունը ձգձգելու նպատակ են հետապնդել։

Գյուլումյանը Եվրադատարանում 4 տարի քննություն չսկսելու գլխավոր պատճառը համարում է սպանությունների գործերով երկրի ներսում շարունակվող քննությունը։ Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը չի կարողանում սառնասրտորեն խոսել այս թեմայով։

«Իրենց պետք է ձգձգել, հետո ինչ կլինի՝ դա միայն մեզ է հետաքրքրում։ Դե մենք սաղ կմնանք, թե չենք մնա... որոշ մասը արդեն մահացած է։ Երազում եմ տեսնել բացահայտում, իմ միակ երազանքը դա է, չէ՞ որ ես հավի ճուտ չեմ կորցրել, 28 տարեկան իմ մեկուճար էրեխուն եմ կորցրել՝ հանուն իրենց աթոռների, որ նստեին իրենց փափուկ աթոռները վայելեին Գոռիկի 40 օրական երեխու հաշվին։ Սկի չեն էլ հիշում՝ գոյություն ունենք, կանք, չկանք, ապրում ենք»։

2011-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց քննությանը նոր թափ հաղորդել, անցյալ տարվա աշնանն էլ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է, զոհերի հարազատներին գործը տեղից շարժելու հույս տվեց։ Այնուհետև հայտարարվեց զոհերի գործերն առանձին-առանձին վարույթներով քննելու մասին։

Թե ինչ առաջընթաց կարելի է արձանագրել վերջին խոստումից մոտ տասն ամիս անց, Գլխավոր դատախազությունը այսօր մեր հարցմանն ուղարկված գրավոր պատասխանում խորհուրդ է տալիս նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը «ստանալ նախաքննությունն իրականացնող մարմնից»։

Զոհերի ընտանիքներն ասում են՝ բացի իրենց նորից հարցաքննության կանչելուց որևէ այլ բանից տեղյակ չեն։ Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայրը ՝ Ջեմմա Վարդումյանը պատմեց, որ իրեն երկու անգամ կանչել են, անիմաստ է համարել ներկայանալը։

«Առանձնացրել է, հասկացանք, ծնողին ինչի՞ է կանչում։ Նոր բան ունի արած, թող արձանագրի, ասի՝ ծնող, արի, էս բանը պիտի անես։ Ծնողին կանչում ես քննության, ծնողն ի՞նչ ասի։ Ծնողը տանը նստած, հաջորդ օրը ժամը երկուսին ասել են՝ տղադ չկա։ Ես գնամ ի՞նչ ասեմ, երբ ասելիքս 7 տարի առաջ ասել եմ, գրել եմ, տվել եմ ձեռքները, չեմ հրաժարվում իմ գրածից, ստորագրել եմ դրա համար»,- ասաց Վարդումյանը։

Ազատուհի Քլոյանի ամուսնուն՝ Սարգիս Քլոյանին են մի անգամ հարցաքննել.- «Յոթը տարի քննում են... ասում են՝գրի, ի՞նչ գրի, Սարգիս Քլոյանը մեղավոր էր, որ իրա էրեխուն քաղաքի կենտրոնում գնդակահարել են, հերիք չէ, հիմա էլ արի նորից գրի։ Կոստանյանը խոստացել էր, որ սայլը տեղի կշարժվի, արդեն մի տարին է լրանում, ի՞նչ են արել, թող ասեն՝ բացի մեզ քննելուց»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի քարտուղար, իրավաբան Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ակնհայտ էր համարում, որ իշխանություններն իրականում շահագրգիռ չեն որևէ բացահայտման հարցում, բոլոր այս միջոցառումներն, ըստ նրա, արվել են «Եվրոպական դատարանին խաբելու համար»։

«Ինչպես նաև մարտի 1-ի գործով առաջին հերթին շահագրգռված անձանց աչքերին թոզ փչելու համար են արվել։ Կարծում եմ, այդ բոլոր գործընթացները ընդամենը շոուներ էին։ Ամբողջությամբ համաձայն եմ վերջերս Վահե Գրիգորյանի հայտնած այն մտքին, որ Ալվինա Գյուլումյանը ամեն ինչ արել է՝ ԵԴ-ում խոչընդոտելու թե՛ մարտի 1-ի զոհերի հետ կապված գանգատի ընթացքը, թե՛ մարտի 1-ի քրեական գործերի հետ ուղարկված գանգատների ընթացքը»,- ասաց Խաչատրյանը։

«Էն դեպքերում, երբ պետք է արագ արձագանքել, ԵԴ-ն արագ արձագանքում է։ Ալվինա Գյուլումյանը եթե անկեղծանար, կկարողանար պատասխանել, թե ինչ խոչընդոտող հանգամանք է եղել Եվրոպական դատարանում»,- հավելեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։