The Times. Պուտինը Իսպանիայի ռուսական մաֆիայի միջոցով փորձել է անշարժ գույք ձեռք բերել

Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Պուտինին պատկանող իսպանական գույքի մասին խոսակցությունները շրջանառվում են դեռ 2012 թվականից։

Բրիտանական The Times պարբերականը նոր տեղեկություններ է հաղորդում Իսպանիայում Վլադիրմիր Պուտինի ունեցվածքի մասին։

Թերթը գրում է, որ Ռուսաստանցի առաջնորդը Իսպանիայի ռուսական մաֆիայի միջոցով փորձել է անշարժ գույք ձեռք բերել։

Պուտինին պատկանող իսպանական գույքի մասին խոսակցությունները շրջանառվում են դեռ 2012 թվականից, սակայն դրանք մշտապես հերքվել են ռուսաստանյան իշխանությունների կողմից։

«Իսպանիայում ձերբակալված Գենադի Պետրովը, ում Իսպանիայի իրավապահները համարում են «Տամբովսկի» հանցավոր խմբավորման առաջնորդ, փորձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերել», - գրում է բրիտանական The Times պարբերականը։

Իսպանիայի իշխանություններն արդեն մի քանի տարի է հետաքննություն են անցկացնում «ռուսական մաֆիա»-ի գործով և վերջերս հայտնաբերել են մի գրություն, որում հիշատակված է նաև Պետրովի անունը։ Գրության համաձայն, Պետրովը փորձել է Պուտինի համար Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերել։ «Պարոն Պուտին, Մալագայում գտնվող տարածքը ռուսական շրջան է կամ ռուսական գյուղ։ Հողատարածքը գնված չէ։ Գործը նախագահի աշխատակազմի տիրույթում է», - գրության տեքստն է մեջբերում բրիտանական պարբերականը։

Թերթի տվյալներով, երկտողն անձամբ գրել է Գենադի Պետրովը։ Փաստաթուղթը թվագրված է 2001 թվականով, այն հայտնաբերվել է 2008 թվականին՝ խուզարկության ժամանակ, երբ իրավապահները Մայորկա կղզում ձերբակալում էին Պետրովին։

The Times-ը մեջբերում է Պետրովի երկու ենթադրյալ գործընկների խոսակցությունը, որում նրանք ակնարկում են ռուսաստանցի առաջնորդի՝ Իսպանիայում ունեցած սեփականության մասին։ Վերծանված ձայնագրության համաձայն, ոմն Վիկտոր Գավրիլենկով, ի պատասխան Մարատ Պոլանսկիի այն հարցին, թե որտե՞ղ կարելի է իջևանել, ասել է. - «Ալիկանտում բազմաթիվ հյուրանոցներ կան, Պուտինի Տորևեխում գտնվող տունը նույնպես շատ հեռու չէ»։

2012 թվականին բրիտանական The Daily Mail-ը, հղում անելով իր աղբյուրներին, առաջին անգամ հաղորդել է Մալագա կոչվող բնակավայրում Պուտինի գնած առանձնատան մասին։ Այն ժամանակ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

2015 թվականի հունվարին նույն The Daily Mail-ը հաղորդել է, որ Լա Զագալետայում գտնվող շքեղ առանձնատունը պատկանում է Պուտինին։

The Times-ի տեղեկություններով, Իսպանիայում հաստատված Պետրովը, ակտիվներ ձեռք բերելու դիմաց, ենթադրաբար օգտագործել է իր ազդեցությունը՝ օգնելու գործընկերներին ռուսական քաղաքականությունում և իրավապահ համակարգում առանցքային պաշտոններ զբաղեցնելու հարցում։

Պետրովի սերտ կապերը պուտինյան կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հաստատվել են նաև «ռուսական մաֆիա»-ի գործով մեղադրական փաստաթղթերով, որոնք 2015 թվականի հունիսին Իսպանիայի դատախազությունն ուղարկել է դատարան։