Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն բանակցում են

Հյուսիսկորեական բանակի զինծառայողը հեռացնում է բարձրախոսները ապառազմականացված գոտում, արխիվ

Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեան) և Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետության (Հյուսիսային Կորեան) բանագնացները վերսկսել են բանակցությունները՝ փորձելով մեղմացնել լարվածությունը, որը հրետանային կրակոցների և փոխադարձ սպառնալիքներից հետո երկու երկրներին կանգնեցրել է պատերազմի վտանգի առջև:

4 բարձրաստիճան պաշտոնյաների երեկվա հանդիպումը ժամեր է տևել: Նրանք քննարկել են Փհենյանի վերջնաժամկետը, ըստ որի Հարավային Կորեան պետք է կա՛մ դադարեցնի սահմանին հսկա բարձրախոսներով հակա-հյուսիսկորեական հաղորդումները, կա՛մ պատրաստվի ռազմական գործողությունների: Հյուսիսային Կորեան սահմանին կիսա- պատերազմական իրավիճակ է հայտարարել: Սահմանամերձ տարածքներում բնակվող հազարավոր հարավկորեացիներ տարհանվել են: