Էրդողանի կուսակցությանը չհաջողվեց կոալիցիա ձևավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանից ավելի քան մեկ ամիս առաջ կոալիցիա կազմելու լիազորություններ ստացած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուին այս ընթացքում այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ խորհրդարան անցած կուսակցությունների առաջնորդների հետ։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի, ապա նաև Ժողովրդա-հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ղեկավարներ Քեմալ Քըլըչդարօղլուի և Դևլեթ Բահչելիի առաջ քաշած պայմաններն անընդունելի էին Էրդողանի կուսակցության համար։

«Չնայած մեծ ցանկություն ունեինք, բայց ցավոք պարզ դարձավ, որ ոչ ԺՀԿ-ի, ոչ էլ ԱՇԿ-ի հետ կոալիցիայի կազմավորման համար հիմք չկա», - երեկ հայտարարեց վարչապետ Դավութօղլուն։

Ըստ Թուրքիայի Սահմանադրության, այժմ արդեն վարչապետը պարտավոր է կոալիցիոն կառավարություն ձևավորելու լիազորությունը առաջիկա 5 օրվա ընթացքում հանձնել նախագահ Էրդողանին։ Վերջինս կարող է այդ լիազորությունը տալ ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած ԺՀ կուսակցությանը։ Եթե վերջինը ևս չհաջողի կառավարություն ձևավորել, ապա արտահերթ ընտրությունները անխուսափելի կդառնան։ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կարող է օգտագործել արտահերթ ընտրություններ նշանակելու իր իրավունքը։ Նոր ընտրությունների անցկացման դեպքում ներկա կառավարությունը հրաժարական կտա և ժամանակավոր նախարարական խորհուրդ կձևավորվի։ Այսպիսով, նոյեմբերին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում 13 տարի միանձնյա իշխանություն կազմելուց հետո Էրդողանի ԱԶ կուսակցությունը կորցրեց իր դիրքերը։ Կուսակցությունը ձայներ կորցրեց հիմնականում այն պատճառով, որ մտադիր էր սահմանադրական փոփոխություններ կատարել և անցնել նախագահական կառավարման համակարգի։ Սակայն ընտրությունների անսպասելի արդյունքները խափանեցին Էրդողանի և նրա կուսակցության ծրագրերը։ Արդյունքում կարծես թե գործի է դրվում երկրորդ սցենարը, այն է՝ երկիրը տանել արտահերթ ընտրությունների։ Այնուհանդերձ, սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ նոր ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության ձայները կնվազեն մոտ 2 տոկոսով, իսկ քրդական կուսակցության քվեները, ընդհակառակը, կաճեն։