Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկը:
Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հավելելով, թե նախարարը շրջել է զորանոցներում, ստուգել զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:
ՊՆ-ից նաև փոխանցում են, որ աշխատանքային այցի ավարտին Օհանյանը ծանոթացել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին, ստուգել է զինծառայողների սննդակարգը:
Նախարարը նաև «զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել զինծառայության մասին նրանց պատկերացումներով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: