Համացանցում հաճախ դժվար է զանազանել իրողությունը կեղծիքից

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնարին, իրողությունը տարբերել կեղծիքից:

Համացանցը, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ իր անսահման ռեսուրսներով, կարող է օրհնություն կամ անեծք լինել, երբ որևէ մեկը փորձում է պարզել այս կամ այն հոդվածի իսկությունը:

Հնարավոր չէ իմանալ` արդյոք կարդացածը ճշմարիտ է, թե շինծու, եթե ընթերցողը տվյալ թեմայի գծով մասնագետ չէ կամ չի ստուգում truthorfiction.com-ի կամ snopes.com-ի նման կայքերում՝ բամբասանքն իրականությունից տարբերելու համար:

Ահա այդպիսի ապատեղեկատվության երկու թարմ օրինակ, որոնք տարածվել էին համացանցում միլիոնավոր հայերի և այլոց շրջանակում:

Առաջին հոդվածը, իբր՝ The Moscow Times կայքից, վերնագրված էր՝ «Ռուսաստանի նախագահը թուրք դեսպանին. «Ասացեք Ձեր բռնակալ նախագահին, որ նրան ԻՊ-ի ահաբեկիչների հետ միասին դժոխք կուղարկեմ. Սիրիան մեծ Ստալինգրադի կվերածեմ նրա համար…»: Այս հոդվածը շրջանառվեց աշխարհով մեկ, տեղադրվեց հազարավոր կայքէջերում և արտատպվեց անհամար թերթերում:

Հաղորդվում էր, իբր նախագահ Պուտինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմին ասել է, որ Ռուսաստանը կխզի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Էրդողանն անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը ԻՊ-ի ահաբեկիչներին Սիրիայում: Հոդվածում մեջբերվում էր «արտահոսած տեղեկություն… երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից», որի ընթացքում Պուտինը Թուրքիայի նախագահին անվանել էր «կեղծավոր» և սպառնացել Սիրիան վերածել «մեծ Ստալինգրադի Էրդողանի և Սաուդյան Արաբիայի իր դաշնակիցների համար», ում նա համեմատել է Հիտլերի հետ:

Ես բազմաթիվ հայերից էլեկտրոնային փոստով ստացա այս կեղծ հոդվածի մի քանի տասնյակ պատճեններ՝ «կեցցե Պուտինը», «վերջապես մեկը համարձակվեց Էրդողանին իր տեղը դնել» բացականչություններով: Հոգնեցուցիչ էր բոլորին պատասխանել, որ դա կեղծ լուր է…

Ընթերցողները և նույնիսկ թերթերի խմբագիրները, ըստ երևույթին, իրենց նեղություն չէին տվել ստուգելու, որ նման հոդված չկար The Moscow Times-ում: Բացի այդ, թվում է՝ ոչ ոք չէր զարմացել, թե ինչպես կարող էր ռուսական թերթը նախագահ Պուտինի ազգանունը սխալմամբ ներկայացնել որպես «Պուրին»:

Ապատեղեկատվության երկրորդ օրինակը վերաբերում է աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեին, որն իբր երգել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի երգ: «Ես այստեղ էի» երգի տեսահոլովակը, որն սկսվում է «Հայոց ցեղասպանություն, 1915 ապրիլի 24» գրությամբ, Youtube-ում տեղադրվեց 2015 թ. ապրիլի 24-ին ինչ-որ մեկի կողմից՝ «Յակոսամո» կեղծանունով: Այնուհետև տեսահոլովակը ցուցադրում է «Երբեք չմոռանալ» բառերը վառ կարմիրով, որին հաջորդում էին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած մարդկանց կադրերը: Հաջորդ չորս րոպեներին էկրանին երևում են երեք զինված թուրք զինվորներ, որոնք սպանում են մի ամբողջ հայ ընտանիքի և առևանգում մի խումբ երիտասարդ հայուհիների: Տեսահոլովակը և երգն ավարտվում են վառ կարմիր գույնով գրված «Ապրիլ 1915» բառերով հենց այն պահին, երբ թուրք զինվորն ատրճանակով ուղղակի կրակում է հայ տղայի գլխին…

Հազարավոր հայեր հավանաբար խաբվել էին` կարծելով, որ Բեյոնսեի երգն իրոք նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տեսահոլովակի հղումը շնորհակալական հարյուրավոր մեկնաբանություններով տեղադրվեց անթիվ ու անհամար ֆեսբուքյան էջերում և Youtube-ում:

Ես միայն անցյալ շաբաթ իմացա այս երգի մասին: Սկզբում փոքր-ինչ վատ էի զգում, որ լինելով թերթի խմբագիր, Հայոց ցեղասպանության մասին նման կարևոր երգը լսում եմ դրա թողարկումից ամիսներ անց: Ես ստուգեցի երգի բառերը և շատ արագ բացահայտեցի, որ այն բացարձակապես կապ չունի հայերի կամ Հայոց ցեղասպանության հետ: Երգչուհին անընդհատ կրկնում էր. - «Ես այստեղ էի, ես ապրեցի, ես սիրեցի, ես այստեղ էի....»: Հայ, Ցեղասպանություն կամ Թուրքիա բառերը երգում գոյություն չունեն...

Ես ի վերջո հասկացա, որ ինչ-որ մեկը վերցրել էր Բեյոնսեի երգը և դրան ավելացրել կադրեր Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմից: Ցավոք, շատ հայեր հիացած էին, որ աշխարհահռչակ երգչուհին տեսահոլովակ էր թողարկել Հայոց ցեղասպանության մասին...

Ես կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է զանազանել իրողությունը կեղծիքից համացանցում տեղադրված յուրաքանչյուր նյութի համար: Միգուցե օգտակար լինի հիշել հայտնի ամերիկյան ասացվածքը՝ «Եթե ինչ-որ բան անհավատալի է իսկական լինելու համար, ապա հավանաբար իսկական չէ....»: Ընթերցողները պետք է թերահավատության առողջ չափաբաժին ունենան, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու՝ չլինելով ո՛չ չափազանց կասկածամիտ ամեն ինչին հավատալու հարցում, ո՛չ անչափ դյուրահավատ՝ կուրորեն կուլ տալու ամեն ինչ համացանցում...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի