Մոսկվան ու Կիևը իրար չեն զիջում մշակույթի քաղաքականացման հարցում

Բորիս Գրեբենշչիկով, արխիվ

Արվեստի գործիչներն ըստ Ուկրաինայի հակամարտության հարցում իրենց դիրքորոշման ընդգրկվում են «սև» կամ «սպիտակ» ցուցակներում, արժանանում «դավաճան» և այլ պիտակների:

Ուկրաինայի արևելքում շարունակվող արյունալի պատերազմին զուգահեռ է՛լ ավելի է քաղաքականացվում Ռուսաստանի և Ուկրաինայի մշակութային ոլորտը, որի ներկայացուցիչները ստիպված են ընտրել՝ Ուկրաինայի ինքնիշխանությա՞ն կողմնակիցն են, թե՞ ռուսամետ անջատականներին աջակցող Կրեմլի:

Մի դեպքում Կիևն է սպառնում «սև ցուցակով», մյուս դեպքում Կրեմլը՝ «ազգի դավաճան պիտակով»:

Մինչ Ռուսաստանի Պետդուման քննարկում էր արգելված մթերքների, անընդունելի գրականության, ոչ պետքական բժշկական սարքավորումների և «հայրենիքի դավաճան» մշակութային գործիչների ցանկը, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին որոշում է է՛լ ավելի բորբոքել այդ կրքերը՝ հրապարակելով Ռուսաստանում սիրված երաժիշտ, իսկ ներկայումս Օդեսա այցելելու համար անարգանքի սյունին գամված Բորիս Գրեբենշչիկովի հետ անցկացրած երեկոյի տեսագրությունը, ինչն էլ բուռն արձագանք գտավ Ռուսաստանում:

Գերեբենշչիկովը երգել է վրացի երգչուհի Նինո Կատամաձեի հետ Օդեսայում համերգից հետո՝ Սաակաշվիլիի ներկայությամբ:

Ռուսաստանում անմիջապես գնահատեցին․ «Հանդիպում թշնամու հետ», - հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սոլովյովը, իսկ նրա գործընկեր Ալեքսանդր Ժուրավլյովը, «դավաճան» որակելով Գրեբենշչիկովին, Պետդումայի ամբիոնից հայտարարեց․ - «Նա խաչ քաշեց իր վրա»: Գրող Էդուարդ Լիմոնովն էլ նույնիսկ առաջարկեց զրկել երգչին Մոսկվայի կենտրոնի բնակարանից:

Կիևն ու Մոսկվան այս հարցում իրար չեն զիջում: Նախօրեին պաշտոնապես հրապարակվեց Կիևի «սև ցուցակը», որում ընդգրկված մեկ տասնյակից ավելի մշակութային գործիչներ «սպառնալիք են Ուկրաինայի ազգային անվտանգության համար»: Այդ ցանկում են ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ռուսաստանցի երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Միխայիլ Բոյարսկին և ևս 10 հոգի․ Ուկրաինայում արգելված են նրանց մասնակցությամբ տեսանյութերն ու ռադիոհաղորդումները:

«Սև ցուցակին» զուգահեռ՝ Կիևն ունի նաև «սպիտակ ցուցակ», որում ներառված են մշակութային գործիչներ, ովքեր հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին և աջակցում Կիևին Դոնբասում հակամարտության հարցում: Այս ցուցակում արվեստի ռուսաստանցի գործիչներից ընդգրկված են Անդրեյ Մակարևիչը, Յուրի Շևչուկը և Զեմֆիրան: