Ուկրաինան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկին, արխիվ

Արտգործնախարար Պավլո Կլիմկինը վստահ է՝ Ղրիմը Ուկրաինայի կազմ կվերադառնա «շատ ավելի վաղ, քան ոմանք են ենթադրում»:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ղեկավարած կառավարությունը կազմել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ, որն առաջիկայում կդրվի քննարկման։ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է արտգործնախարար Պավլո Կլիմկինը։

«Փաթեթը պատրաստ է, ես իմ ստորագրությամբ են այն ուղարկել կառավարություն, հուսով եմ, որ առաջիկայում այն կմտնի ուժի մեջ», - ասել է Կլիմկինը։

Նրա կարծիքով՝ Ղրիմի բռնակցման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երբեք չեն չեղարկվի։ «Ոչ ոք ներդրում չի անի Ղրիմում, ոչ ոք չի մեկնի Ղրիմ, այդպես Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ: Ես պնդում եմ, որ դա տեղի կունենա շատ ավելի վաղ, քան ոմանք են ենթադրում», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը և ավելացրել. - «Վաղ թե ուշ Ռուսաստանը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ դա կլինի տնտեսական վիճակի բերումով, երբ որևէ բնականոն զարգացում այլևս անհնար կդառնա»։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նույնպես առաջարկում է պատժամիջոցներ։ «Ռուսաստանի նկատմամբ ճնշումը հզորացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կարգով Ուկրաինայի տարածքում կիրառել այն պատժամիջոցները, որոնք արդեն սահմանել են Եվրամիությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ յոթնյակը», - ասվում է խորհրդի կազմած տեղեկանքում։

Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ղրիմի գրավումը «բռնակցում» են որակում և պնդում են, որ Ռուսաստանն է պատասխանատվություն կրում հակամարտության համար։

Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ղրիմի նկատմամբ սահմանել են տնտեսական պատժամիջոցներ, որոնք տարածվում են ներդրումների, զբոսաշրջության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, էներգետիկայի, նավթի ու գազի արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտների վրա։

Ուկրաինան Ղրիմի բռնակցման և Դոնբասի հակամարտության հարցով Ռուսաստանի դեմ երեք հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ սեպտեմբերին էլ չորրորդը կներկայացնի։ Ուկրաինան փաստաթղթերի փաթեթ է կազմում Հաագայի միջազգային քրեական դատարան փոխանցելու համար։ Բացի այդ, ուկրաինացիները Ղրիմի բռնակցման հարցով դիմելու են ՄԱԿ-ի միջազգային դատարան, առայժմ՝ ընդամենը խորհրդատվություն ստանալու համար, իսկ հաջորդ քայլն արդեն դատական հայցը կլինի։