Պետքարտուղար Քերրիի բացառիկ հարցազրույցը «Ամերիկայի Ձայնին»

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության ընդունումն ու իրականացումը լայն հնարավորություններ կբացի Իրանի զարգացման համար, «Ամերիկայի Ձայնի» իրանական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համաձայնագրի ձախողումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։

«Եթե մենք ընդունենք այդ համաձայնագիրը, ապա դա մեզ համար հնարավորությունների նոր ճանապարհ կբացի, իսկ եթե մենք այն չընդունենք, կունենանք բազմաթիվ խնդիրներ, միգուցե՝ նույնիսկ հակամարտության հնարավորություն, ինչը, կարծում եմ, աղետալի կլինի: Հույս ունեմ, մեզ կհաջողվի մարդկանց համոզել և բացատրել, որ այս համաձայնությունն իրականում կանխում է հակամարտությունը, ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը և զերծ է պահում միջուկային զենքի տարածումից», - ասել է Քերրին:

Ըստ պետքարտուղարի, վճռական խոսք ունեն ասելու Կոնգրեսն ու իրանական կողմը, որոնք պետք է հավանություն տան գործարքին, որից հետո այն ուժի մեջ կմտնի: Կոնգրեսը պետք է վերջնական որոշում կայացնի համաձայնագրի վերաբերյալ մինչև սեպտեմբերի 19-ը:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի ուրախությանը համաձայնագրի կնքման կապակցությամբ՝ Ջոն Քերրին նշել է, թե հույս ունի, որ ժողովրդի ձայնը լսելի կլինի ամերիկյան օրենսդիրների և իրանական կրոնականների համար, որոնք պետք է հաստատեն գործարքը:

«Եթե համաձայնագիրը հավանության արժանանա և լիարժեք իրականացվի, Իրանի ժողովրդի կենսամակարդակը զգալիորեն կբարձրանա, կսկսեն հանվել պատժամիջոցները, որոնք խանգարում էին գործարարությամբ և առևտրով զբաղվել, ներդրումներ կատարել։ Այսինքն՝ բազմաթիվ դրական զարգացումներ կարող են գրանցվել, եթե այս համաձայնագիրը լիարժեք ի կատար ածվի», - ավելացրել է պետքարտուղարը:

Միևնույն ժամանակ, Քերրին ընդգծել է՝ միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ համաձայնությունը չի նշանակում, որ Վաշինգտոնն աչք է փակելու Թեհրանի հետ առկա այլ հակասությունների վրա։

«Միացյալ Նահանգները, միանշանակ, երբեք չի դադարի հավատալ ժողովրդավարությանը և մարդու իրավունքները հարգելու կարևորությանը և միշտ կպայքարի դրանց համար»,- ասել է նա։