Քերրի. «Իրանական պատժամիջոցների վերացումը կսկսվի կես տարուց»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ, Վաշինգթոն, 16 հուլիսի, 2015թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանի նկատմամբ միջազգային համայնքի սահմանած պատժամիջոցների վերացումը կարող է սկսվել վեց ամիս անց։

Քերրիի խոսքով, մնացել են որոշ հարցեր, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ու Իրանը դրանք կկարգավորեն։

«Այնպես որ խոսքը երևի մի վեց ամվա մասին է: Դժվար է հստակ ասել, ամեն ինչ կախված է առաջիկայում սպասվող իրադարձություններից», - ասել է Քերրին։

Մինչև պատժամիջոցների չեղարկումը պետք է տեղի ունենան կարևոր զարգացումներ` Միացյալ Նահանգների Կոնգրեսն ունի երկու ամիս միջուկային գործարքին հավանություն տալու համար։ Եթե դա տեղի չունենա` նախագահ Բարաք Օբաման և Կոնգրեսը կներքաշվեն վետոների ծանր հակամարտության մեջ։ Պետական դեպարտամենտը գործարքն արդեն ուղարկել է Կոնգրես։

«Կարծում եմ, սեպտեմբերը կլինի վճռական ժամանակը, երբ պարզ կդառնա` իրագործվո՞ւմ է գործարքը, թե՞ ոչ», - ասել է Քերրին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել միջուկային գործարքին, որը հուլիսի 14-ին Վիեննայում կնքել են Իրանի Իսլամական Հանրապետությունը և վեց գերտերությունները` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։

Իրանը սահմանափակում է միջուկային ծրագիրը, դրա դիմաց միջազգային համայնքը հրաժարվում է Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցներից։ Գործարքի նպատակն է կանխել Իրանում միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունը։

Եվրամիության երկրներն արդեն դիվանագիտական ակտիվություն են ցուցաբերում․ Թեհրան է մեկնել Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելի ղեկավարած պատվիրակությունը, մյուս շաբաթ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով Թեհրան կմեկնի Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։

«Իմ իրանցի գործընկերն ինձ հրավիրել է դեռ նախքան այս գործարքը: Այն ժամանակ չգնացի, բայց հիմա կգնամ», - ասել է Ֆաբիուսը։

Գործարքի ընդդիմախոսներն են առաջին հերթին Իսրայելը, նաև՝ Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի որոշ այլ երկրներ։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մեկնել է Իսրայել, որտեղ հավաստիացրել է, որ Ամերիկան միշտ պատրաստ է պաշտպանել Իսրայելը, և պատժամիջոցների վերացումը վնաս չի հասցնի հրեաների պետությանը։

Իսկ Իրանում կարծր դիրքորոշման կողմնակիցները քննադատում են Վիեննայի գործարքը: Հավանաբար հենց այդ շրջանակների մտահոգությունները փարատելու համար Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հուլիսի 18-ին ասել է, թե «միջուկային գործարքը չի փոխի Թեհրանի վերաբերմունքը Ամերիկայի վերամբարձ կառավարության հանդեպ»։

Իրանի արտգործնախարարը երկրի խորհրդարանում ասել է, որ Վիեննայում կողմերը կնքել են հավասարակշռված համաձայնագիր․ - «Մենք չենք ասում, թե այս գործարքն ամբողջությամբ մեր օգտին է։ Բանակցության ընթացքում պետք է լինեն կորուստներ և նվաճումներ, այնուամենայնիվ, մեր հիմնական շահերը երաշխավորված են»։

Ըստ փորձագետների, Իրանի և միջազգային համայնքի հարաբերությունների բարելավումը կարող է նպաստավոր գործոն լինել նաև Իրանի անմիջական հարևանների, այդ թվում՝ Հայաստանի համար։