Գյումրեցի ակտիվիստները մերժման դեպքում «10 օրից փողոց դուրս կգան»

Your browser doesn’t support HTML5

Թեև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստների կողմից իշխանություններին տրված վերջնաժամկետը երեկ լրացավ, այդուհանդերձ խոստացված անհնազանդության ակցիաները դեռ տեղի չեն ունենում:

Ակտիվիստները պահանջում էին կարճել Կարեն Պետրոսյանի դեմ խուլիգանության հատկանիշով հարուցված քրեական գործը: Այսօր նրանք հայտարարություն տարածեցին այն մասին, որ Կարեն Պետրոսյանի շահերի պաշտպանը իրավական գործընթաց է սկսել՝ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից իրենց միջնորդությունների մերժումը բողոքարկելով արդեն Շիրակի մարզի դատախազություն:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասում է, որ իրենց չեն տրամադրում Կարեն Պետրոսյանին բերման ենթարկելու որոշման արձանագրությունը, չեն ծանոթացնում մեղադրանքի փաստական հիմքերին և առերեսումների ժամանակ գրանցված ցուցմունքներին: «Տեղեկատվական բլոկադայի մեջ ենք», - ասում է Պետրոսյանի շահերի պաշտպանը: «Նախաքննության գաղտնիության անվան տակ չի կարելի կամայականություններ թույլ տալ: Մեր կարծիքով՝ նախաքննական մարմինը, կամայականորեն մեկնաբանելով գաղտնիության սկզբունքը, սահմանափակում է պաշտպանություն իրականացնելու մեր իրավունքները», - հավելում է փաստաբանը:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ արդեն կայացվել են համապատասխան որոշումներ, որոնք ուղարկվել են կողմերին: Արամայիս Հայրապետյանն ասում է, որ եթե դատախազությունը ևս իրենց հարցին դրականորեն չարձագանքի, այն կվիճարկեն դատարանում: «Մենք ունենք բոլոր հիմքերը դատախազության որոշումը դատական կարգով բողոքարկելու», - ասում է Հայրապետյանը:

Դատախազության պատասխանին սպասում են նաև ակտիվիստները: Ղարիբ Հարությունյանն ասում է, որ եթե իրենց միջնորդությունները մերժվեն, 10 օրից փողոց դուրս կգան, իսկ բավարարման դեպքում գործողություններ չեն իրականացնի: Բայց «գործողությունների կդիմենք մյուս պահանջների մասով», - ասում է ակտիվիստը:

Ակտիվիստների մյուս պահանջը ոստիկանների գործողություններին է վերաբերում: Վերջիններս հունիսի 23-ին նստացույցի մասնակից 13 ակտիվիստներին բերման ենթարկելիս բռնություններ էին գործադրել նրանց նկատմամբ: «Դրա վրա աչք են փակում», - ասում են ակտիվիստներն ու հավելում՝ Հայաստանի ոստիկանապետը երևանցի կարգազանց ոստիկաններին կարգապահական տույժի ենթարկեց, իսկ ահա գյումրեցի ոստիկանները մնացին անպատիժ: Հիմա պահանջում են, որ ուղղվի այդ սխալը և Գյումրիի ոստիկաններին ևս պատժեն: Մայրաքաղաքից 120 կմ հեռավորությունը, ըստ ակտիվիստների, ոստիկանապետի համար չպետք է տեղեկատվական և մասնագիտական անջրպետ հանդիսանա և դրա հետևանքով կողմնակալ որոշումներ կայացվեն: