Սարգսյանը կարևորել է Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին:

«Դժվարությունները ժամանակավոր են, մեր բարեկամությունը՝ հավերժական: Պետք է ամեն ինչ անել ամրապնդելու և ընդլայնելու զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-իրանական հարաբերությունները՝ ի բարօրություն երկու ժողովուրդների և ի նպաստ մշակույթների: Մենք միմյանցով հարստանում և հարստացնում ենք միմյանց՝ մեր ողջ պատմության ընթացքում աշխարհի հետ շփվելով մեր մշակույթների հարուստ լեզվով», - նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքի և այդ ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար՝ վստահեցնելով, որ Հայաստանում ևս իրանական պատմամշակութային ժառանգության նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կա: