Գրիգորի Կարասին. «Երևանից լուրերի ենք սպասում»

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Չնայած ռուսաստանյան մամուլում վերջին օրերին բարձրացված աղմուկին, թե Հայաստանում կրկնվում են 2014 թվականի ուկրաինական դեպքերը, պաշտոնական Մոսկվան պնդում է` այդ երկու իրադարձությունների միջև առայժմ որևէ զուգահեռ չի նշմարվում: Այս մասին երեկ երեկոյան Մոսկվայում հայտարարեց ԱՊՀ խնդիրներով զբաղվող ռուսաստանցի ամենաբարձրաստիճան դիվանագետը` փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Ռուսաստանցի լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Հայաստանում ծավալված իրադարձությունները Արևմուտքի՞ց են հրահրվում, Կարասինը պատասխանել է.- «Այդ պնդումները դեռ հարկավոր է ապացուցել: Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք այն ամենն, ինչ նախորդել է այս իրադարձություններին: Ամեն դեպքում նման վաղաժամ հետևություններից ես զերծ կմնայի»։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձություններին: Հույս ունենք, որ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտի սահմաններից»,- հավելել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը:

Ըստ Գրիգորի Կարասինի՝ Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն, որ իրավիճակը Երևանում հնարավոր կլինի հանգուցալուծել խաղաղ միջոցներով: Ռուսաստանցի դիվանագետը նաև ակնարկում է, որ այդ հանգուցալուծման գործում մեծ է լինելու պաշտոնական Երևանի դերակատարությունը:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը իմաստնություն և խոհեմություն կցուցաբերի: Մեր տեղեկություններով՝ ցուցարարների կողմից արծարծվող թեմաների շուրջ որոշակի փոխզիջումային տարբերակներ կարելի է ակնկալել: Հուսով ենք, որ ամեն ինչ կլուծվի թե՛ ցուցարարների և թե՛ իշխանությունների փոխադարձ հավանության շրջանակներում»,- ասել է Կարասինը և հատուկ ընդգծել. - «Երևանից լուրերի ենք սպասում»:

Եվ չնայած ռուսաստանցի դիվանագետները հստակորեն ընդգծում են պաշտոնական Մոսկվայի մոտեցումը, թե ուկրաինական Մայդանի և Երևանում ծավալված իրադարձությունների միջև հավասարության նշան չի դրվում, Ռուսաստանի մի շարք այլ պաշտոնական ներկայացուցիչներ շարունակում են պնդել՝ «Հայաստանը շարժվում է կիևյան ուղով»: Խոսքը մասնավորաբար Ռուսաստանի օրենսդիր իշխանության ներկայացուցիչների մասին է:

Այսպես, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է.- «Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ: Ցանկացած գունավոր հեղափոխություն նման կերպ է սկսվում, բայց հետագայում վերածվում է քաղաքական իրադարձության: Հայաստանն էլ ապահովագրված չէ նման զարգացումներից: Մենք վաղուց արդեն տեղյակ ենք Հայաստանում աշխատող ոչ կառավարական կազմակերպությունների քանակության մասին: Դրանք հարյուրավորն են և այս կամ այն կերպ փորձում են Հայաստանի հանրային կարծիքը տրամադրել Ռուսաստանի դեմ»:

Դաշնության խորհրդի մեկ այլ անդամ Իգոր Մորոզովը ավելի կտրուկ է.- «Հայաստանը կանգնած է զինված պետական հեղաշրջման շեմին»,- ռուսաստանցի օրենսդիրի խոսքերն է փոխանցում ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Եթե Սերժ Սարգսյանը հետևություններ չանի Վիկտոր Յանուկովիչ տխուր փորձից և շտապ քայլեր չձեռնարկի, ապագայում կզրկվի իշխանությունից», - հայտարարում է Մորոզովը:

Վերին պալատում աշխատող գործընկերներից հետ չեն մնում Պետդումայի պատգամավորները: Ռուսաստանյան խորհրդարանի ազգությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, կոմունիստ Վալերի Ռաշկինն, օրինակ, «Իզվեստիա»-ի հետ զրույցում կոչ է անում Հայաստանի իշխանություններին Երևանից արտաքսել Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզին: Պատճառը ամերիկյան դեսպանության հունիսի 23-ի հայտնի հայտարարությունն էր:

«Եթե ես լինեի Հայաստանի իշխանությունների տեղում, վաղուց արդեն վտարած կլինեի հրահրիչ դեսպանին: Բացի այդ՝ ես բանակցություններ սկսած կլինեի ցուցարարների հետ, քանի որ վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակից նրանց դժգոհությունն ավելի քան արդարացված է»,- ասել է կոմունիստ պատգամավորը: