Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ի ուշադրությունն է հրավիրել հայաստանյան զարգացումների վրա

ԱԺ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրած իր ելույթում այսօր անդրադարձավ Երևանի կենտրոնում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին:

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ նախօրեին Հայաստանի ոստիկանությունը «դաժանորեն» հարձակվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների, ինչպես նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողների վրա:

«Տեսախցիկները և լրատվամիջոցների մյուս սարքավորումները ջարդել էին և հարյուրավոր ցուցարարներ և լրագրողներ դաժանորեն ծեծվել էին: 237 մարդ, ներառյալ 4 լրագրող, հայտնվել էին ոստիկանության բաժիններում», - ասաց ընդդիմադիր գործիչը:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս իրադարձություններին հետևել է Հայաստանի հասարակության բորբոքված արձագանքը, խիստ քննադատական հայտարարություններով են հանդես եկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն ու ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչը:

«Ես Վեհաժողովին կոչ եմ անում մանրակրկիտ հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ երաշխավորելով, որ իշխանությունները չեն խախտի Հայաստանում ժողովրդավարական իրավունքները հարգելու՝ Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունը, ինչը նրանք, ցավոք, նախկինում բազմիցս արել են անպատժելիության մթնոլորտում», - շարունակեց ընդդիմադիր գործիչը:

Ի տարբերություն Լևոն Զուրաբյանի՝ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում գեթ մեկ բառով չանդրադարձավ լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին: Նա նախընտրեց խոսել ինտերնետի ընձեռած հնարավորությունների պայմաններում լրատվամիջոցների գործելակերպի, նաև՝ պատասխանատվության հարցի մասին, վկայակոչեց Էստոնական լրատվամիջոցի գործով Եվրոպական դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը:

Կրկին վերադառնալով ԵԽԽՎ-ում Լևոն Զուրաբյանի ելույթին՝ առանձնացնենք հեռուստաընկերությունների սեփականության հարցը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն արհեստականորեն սահմանափակել են հեռարձակվող լրատվամիջոցների քանակը՝ հասցնելով 18-ի:

«Հետո նրանք հեռարձակման լիցենզիաների մեծ մասը տվեցին գործող նախագահի փեսային, իսկ մնացածը՝ նրանց, ովքեր փոխկապակցված են կառավարության կամ կոալիցիայի հետ», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը և շարունակեց. - «Նախագահի գրասենյակը խիստ հսկողության տակ է պահում այդ ցանցը գրաքննիչների միջոցով, որոնք որոշում են ինչպիսին պիտի լինի լուրերի «ճիշտ» լուսաբանումը»:

«Հեռուստատեսային լրագրության ազատության խախտումները և նրանց նախագահական հսկողության տակ պահելը համատարած է», - գնահատեց Լևոն Զուրաբյանը և կոչ արեց՝ Վեհաժողովը պետք է հետևողական լինի բազմակարծությունը և բազմազանությունը վերականգնելու ջանքերում: