Սահակյան․ Ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն կարող է գոյություն ունենալ օրենքի տառի շրջանակներում

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչը պնդում է՝ թանկացում չպետք է լինի տրամադրությունների կամ ինչ-որ մեկի ցանկությամբ:

Կիրակնօրյա վերլուծականի եթերում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը քննարկել են օգոստոսի 1-ի էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը: Զրույցը վարում է «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:

«Ազատություն»․ - Թեկուզև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է 7 դրամով ավելացնել, չե՞ք կարծում, որ սա հնարավոր է չեղարկել:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան

Սահակյան․ - Որևիցե թանկացում չպետք է լինի տրամադրությունների կամ ինչ-որ մեկի ցանկությամբ: «Ոչ թանկացմանը կամ թալանին» շարժումը, ես պետք է նշեմ, որ մենք իսկապես ժողովրդավարական և իրավական երկիր ենք: Ցանկացած նման քաղաքացիական նախաձեռնություն կարող է գոյություն ունենալ օրենքի և օրենքի տառի շրջանակներում:

«Ազատություն»․ - Հիմա տեսնում ենք, որ ոչ միայն էլեկտրականության սակագներն են բարձրանում, այլ մենք տեսնում ենք, որ մի լուրջ թանկացում կարող է լինել, որը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

Մելքումյան․ - Գիտե՞ք ինչ՝ սա մոտավորապես այո կամ ոչ, ուզում եմ՝ չեմ ուզում․․․ այդ սցենարից չէ: Շատ կոնկրետ իրավիճակ էր առաջացել վերջին 3-4 տարիների ընթացքում, որ ՀԷՑ-ը կուտակել էր աննախադեպ ծավալի պարտքեր: Ընդհանրապես նրա պարտքերը շատ են՝ մոտավորապես 105 միլիարդ դրամ, բայց խոսքը գնում էր 37.6 միլիարդ դրամի մասին, որը խափանում էր նրա բնականոն գործունեությունը: Այսինքն՝ նա չէր կարողանում մատուցված էլեկտրաէներգիայի դիմաց վճարել, չէր կարողանում աշխատավարձ տալ իր աշխատողներին՝ 7800 աշխատող ունի, և չէր կարողանում հիմնանորոգման կամ ընթացիկ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյան

Մենք չէինք կարող թույլ տալ՝ պետությունը նկատի ունեմ, որ խաթարվի և հանկարծ հովհարային անջատումներ սկսվեն: Պետությունն է, որ սահմանում է այսպես կոչված՝ էլեկտրաէներգետիկական հաշվեկշիռը, այսինքն, թե որ աղբյուրից ինչքան պետք է առնի: Եվ եթե պետական համապատասխան կառույցները չեն կարողանում մեկ տարվա ընթացքի համար նախատեսել գոնե որոշակի մոտավորությամբ ինչ-որ ծավալներ, ուրեմն այդտեղ խնդիր կա մեթոդաբանության մեջ, որը օրենքին հավասար ուժ ունի:

Ասվում էր, որ պետք է փոխհատուցվեն և՛ ՀԷՑ-ը, և՛ սպառողները, բայց գրած չէ, որ պետք է սակագնի թանկացման հաշվին փոխհատուցվի միայն: Եվ ես առաջարկեցի՝ ես մանրամասն աշխատել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որ բերվի միանգամյա փոխհատուցման, որովհետև եթե անցյալ տարի մենք այդ 3.85-ի փոխարեն բարձրացնեինք, ասենք՝ 5.85, այսօր որևէ խնդիր չէր առաջանա:

Հիմա անցնենք հարցին՝ կարելի՞ էր խուսափել, թե չէ: Միշտ էլ կարելի է խուսափել, եթե կան ռեսուրսներ: Որտեղի՞ց գտնեինք այդ 24 միլիարդի ռեսուրսը: Ես առաջարկել էի, որ այդ փողը, այդ վնասը մենք դիվերսիֆիկացնենք, տարածենք արտադրող կայանների միջև: Այսինքն, եթե, ատոմակայա՛ն, դու թերմատակարարել ես, կամ հիդրոէլեկտրակայա՛ն, դա չի նշանակում ոչ մի պատասխանատվություն պետք է չկրես: Նրանց շահույթներից կարելի էր մի քանի տոկոս իջեցնել: Այսինքն դա կլիներ արդեն մի 2-ից 2.5 դրամ, մի 2.25 դրամ թող ՀԷՑ-ը և մի 1-1.5 դրամ պետությունը բուֆերային գումար հայթայթեր, հետաձգելով, և նաև ժողովրդի համար տարածեինք բոլորի և կարող էր 1.5-ից 2 դրամ ուղղակի ավելանալ: Այսինքն՝ խնդրեմ, թանկացվեց՝ թանկացրու, բայց բեր նվազագույն աշխատավարձը բարձրացրու: