Սերգեյ Լավրով․ Մոսկվան պատասխան քայլեր ունի

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ իր երկիրը պատասխան քայլեր կձեռնարկի եվրոպական երկրներում ռուսաստանյան գույքը կալանավորելու որոշման դեմ:

Լավրովը տեղեկացրել է, որ հարցն այժմ ուսումնասիրվում է, և «իրավախախտումների դեմ Մոսկվան պատասխան քայլեր ունի»:

Եվրոպական երկրների դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների համապատասխան որոշումները ընդունվել են Հաագայի միջազգային դատարանի կայացրած վճռի հիման վրա: Ուղիղ մեկ տարի առաջ այդ դատարանը վճիռ կայացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է 1 միլիարդ 600 միլիոն եվրոյի չափով տուգանք վճարել ժամանակին Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած (ներկայումս լուծարված) ՅՈւԿՕՍ ընկերության բաժնետերերին: Դատարանը եզրակացրել է, որ Ռուսաստանն է սնանկացման հասցրել ՅՈւԿՕՍ-ը:

Մոսկվային մինչև այս տարվա հունիսի 15-ը ժամանակ էր տվել՝ ներկայացնելու տուգանքի վճարման հստակ և մանրամասն ժամանակացույց: Մոսկվան դա չի արել, և երեկվանից սկսած եվրոպական մի շարք երկրների դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններն անցել են գործի:

Ֆրանսիայում կալանքի տակ են դրվել ВТБ բանկի, "Россия сегодня" լրատվական գործակալության հաշվեհամարները, ТАСС լրատվական գործակալության գույքը:

Սերգեյ Լավրովի պնդմամբ՝ այդ որոշումը տարածվել է նաև Ֆրանսիայում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների և դիվանագետների հաշիվների վրա․ - «Սա Վիեննայի բոլոր կոնվենցիաների կոպիտ խախտում է: Պարզվում է, Բելգիայի արտգործնախարարությունը տեղյակ չէր այդ որոշումների մասին: Մենք հիմա առաջին հերթին պետք է հայելային պատասխան տանք այն ամենին, ինչ արվում է մեր դեմ»:

Կրեմլը չի թաքցնում իր մտահոգությունը: Նախագահ Պուտինի խորհրդական Անդրեյ Բելոուսովը երեկ հայտարարել է, որ իրենք դեռ ուսումնասիրում են իրավիճակը:

Պաշտոնական Մոսկվան քաղաքական որոշում է համարում այս ամենը: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ այդ գործողություններն ապօրինի են, և Ռուսաստանը չի վճարելու ՅՈւԿՕՍ-ի գործով սահմանված տուգանքը:

ՅՈՒԿՈՍ-ի նախկին նախագահ, երկար տարիներ ռուսաստանյան բանտում անցկացրած Միխայել Խոդորկովսկին, ով այժմ բնակվում է Արևմուտքում, թվիթերյան իր էջում ողջունել է եվրոպական երկրներում ռուսաստանյան գույքը կալանելու որոշումը: Խոդորկովսկին նաև հայտնել է, որ Հաագայի դատարանի վճիռը իրեն չի վերաբերում, քանի որ ՅՈւԿՕՍ-ի իրեն պատկանող բաժնեմասը վաճառել է դեռ 2004 թվականին:

«Ակնկալում եմ, որ փրկված գումարները կուղղվեն այնպիսի նախագծերի, որոնք օգտակար կլինեն ռուսաստանյան հասարակության համար», - գրել է Խոդորկովսկին:

Նախօրեին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում ունեցած իր ելույթում ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարն ասել է, թե «պուտինյան Ռուսաստանը շարժվում է դեպի ինքնամեկուսացում»․ - «Բայց դա սխալ ճանապարհ է, Պուտինից հետո իրավիճակը հաստատ կփոխվի»:

ՅՈւԿՕՍ-ի գործի շրջանակում ռռւսաստանյան ակտիվները կարող են սառեցնել նաև Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները: Ընկերության բաժնետերերի ներկայացուցիչ Թիմ Օզբորնը, Daily Mail-ի փոխանցմամբ, այդ հարցով դիմել է պաշտոնական Լոնդոնին ու Վաշինգտոնին: