Եվրոպայում կալանքի տակ են դնում ռուսական գույքը

Ֆրանսիայի ԴԱՀԿ ծառայության որոշման պատճենը, 18 հունիսի, 2015թ.

Մոսկվան, սակայն, մտադիր չէ վճարել ՅՈւԿՕՍ-ի գործով սահմանված տուգանքը։

Բելգիայում և Ֆրանսիայում դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունները կալանքի տակ են դնում ռուսական ընկերություններին և կազմակերպություններին պատկանող գույքը և ակտիվները։

Որոշումը չի տարածվում դիվանագիտական անձեռնմխելիության կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա։

Այդ երկրների ԴԱՀԿ ծառայությունները պաշտոնապես տեղեկացրել են ռուսական ընկերություններին և ներկայացուցչություններին, որ կալանքի որոշումն ընդունվել է Հաագայի միջազգային դատարանի կայացրած վճռի հիման վրա։

Հաագայի դատարանն անցյալ տարվա հուլիսին ընդունել է որոշում, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է 1 միլիարդ 600 միլիոն եվրո (1 միլիարդ 800 միլիոն դոլար) տուգանք վճարել ժամանակին Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած և ներկայում լուծարված ՅՈւԿՕՍ ընկերության բաժնետերերին։

Մոսկվան պետք է մինչև այս տարվա հունիսի 15-ը Եվրոպայի խորհրդին ներկայացներ տուգանքի վճարման հստակ և մանրամասն ժամանակացույցը։ Դա չի արվել, և երեկվանից ԴԱՀԿ ծառայությունները գործի են անցել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան այժմ մանրամասն ուսումնասիրում է այդ հայցը։

«Մենք մտահոգված ենք, մենք չենք բացառում, որ մի շարք երկրներ կհետևեն Բելգիայի և Ֆրանսիայի օրինակին»,- ասել է Պուտինի խորհրդական Անդրեյ Բելոուսովը։

Ֆրանսիայում կալանքի տակ են հայտնվել «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության հաշվեհամարները։

«Ֆրանսիայի դեպքից հետո մենք ձեռնարկել ենք միջոցներ, որոնք թույլ կտան շարունակել ռադիո- և օնլայն հեռարձակումները»,- երեկ ասել է ընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ի դեպ, Ֆրանսիայում կալանքի տակ է ոչ միայն «Ռոսիա Սեգոդնյա»-ի, այլև ՏԱՍՍ լրատվական գործակալության ներկայացուցչության գույքը։

Մոսկվան դատապարտել է ֆրանսիացիների և բելգիացիների գործողությունները և դրանք «ապօրինի» է անվանել։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը երեկ ասել է, որ Մոսկվան մտադիր չէ վճարել ՅՈւԿՕՍ-ի գործով սահմանված տուգանքը։

«Ֆրանսիայի և Բելգիայի դիրքորոշումն այդ հարցում չափազանց քաղաքականացված է, հուսանք, որ առողջ բանականությունը կհաղթի, և այս պատմությունը երկար չի տևի»,- ասել է Պուտինի խորհրդական Բելոուսովը։

Չորեքշաբթի օրը կալանքի տակ են հայտնվել ՎՏԲ բանկի ֆրանսիական մասնաճյուղի, ռուսական ընկերություններին և դիվանագիտական առաքելություններին պատկանող հաշվեհամարները։ Սակայն երեկ ֆրանսիացիները վերացրել են դիվանագետների հաշվեհամարների սառեցումը։

ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար, բանտում տարիներ անցկացրած և ներկայում Արևմուտքում բնակվող Միխայիլ Խոդորկովսկին իր թվիթերի էջում ողջունել է եվրոպական ԴԱՀԿ ծառայությունների գործողությունները, իսկ նախօրեին Վաշինգտոնում ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում ասել է, որ Պուտինի ղեկավարած Ռուսաստանը շարժվում է ինքնամեկուսացման ճանապարհով։

«Դա սխալ ճանապարհ է, Պուտինից հետո իրավիճակը հաստատ կփոխվի»,- հայտարարել է Խոդորկովսկին։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պետական ակտիվների վրա կալանք է դրվել նաև Ավստրիայում: