Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարներն այցելել են առաջնագիծ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առաջնագծում, արխիվ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ղարաբաղի իր նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք մարտական հենակետեր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Օհանյանը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ:

Առաջնագիծ կատարած այցի ընթացքում Օհանյանն ու Մնացականյանը մարտական հերթապահության հետագա կատարելագործման վերաբերյալ տվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։