Քրեական գործ Գյումրիում ռուս զինծառայողի սպանության փաստով

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ այսօր առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։

Հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչները։