Անցկացվել են պահեստային կառավարման կետի ծավալման վարժանքներ

Սեյրան Օհանյան, արխիվ

Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման պլանի համաձայն՝ Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հետ այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակա կառույցներից մեկի բազայի վրա անցկացվեցին «Պահեստային կառավարման կետի կահավորվածությունը և աշխատանքների իրականացումը» թեմայով պարապմունքներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, 2015 թվականին նախատեսված է իրականացնել պաշտպանական համակարգի կատարելագործմանը միտված մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը այս պարապմունքն է:

«Պարապմունքի նպատակն էր բարձրացնել համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց գիտելիքները կառավարման կետի աշխատանքների կազմակերպման գործում, վերհանել համապատասխան թերություններն ու անճշտությունները՝ հետագայում դրանք բացառելու նպատակով», - ասված է ՊՆ հաղորդագրությունում: