Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներին և տարածաշրջանի մարտահրավերներին:
«ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Մինսկի խմբի հետ՝ ձգտելով հիմնախնդրի կարգավորման՝ այն սկզբունքների ներքո, որոնք առաջարկել է Մինսկի խումբը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա», - ասված է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:
Սարգսյանը և Դաչիչը քննարկել են նաև հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը և զարգացման հեռանկարները:
Այսօր ԵԱՀԿ գործող նախագահին ընդունել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: