Անահիտ Բախշյան․ «Մայրաքաղաքի այգիներն ապականվում են»

Your browser doesn’t support HTML5

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը պնդում է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքներն ապականելու վերաբերյալ իր ահազանգերը չեն հասնում քաղաքային իշխանություններին:

Բախշյանի վերջին նամակը վերաբերում է Օղակաձև զբոսայգուն, որտեղ ժամանակին գործած սրճարաններից այսօր մնացել են միայն «ժանգոտած ջարդոններ»․ - «Ո՞ւմն է եղել, ո՞վ է վարձակալել, ես չգիտեմ, բայց այն, որ իրենցից հետո ոչ մեկը տեր չի կանգնում․․․ Եթե հարցնես՝ ո՞վ պիտի այսօր Օղակաձև զբոսայգում մաքրությամբ զբաղվի, կասեն՝ Կենտրոնի կոմունալը: Բայց Կենտրոնի կոմունալը ասում է՝ դա սեփական է․․․ Մի խոսքով՝ շունը տիրոջը չի ճանաչում»:

Տարիներ առաջ զբոսայգու տարածքը մաս-մաս սեփականաշնորհվելկամ վարձակալություն է տրվել: «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով հստակ սահմանված է, որ սեփականատերը պատասխանատվություն է կրում զբաղեցրած տարածքի մաքրության համար:

«Հիմա տեսնես էս ո՞ւմն է, որ չեն համարձակվում ասել՝ բարեկարգիր: Կամ էլ չեն տուգանում», - տարակուսեց Բախշյանը: - «Այս բետոնը ո՞վ պիտի վերացնի: Այս տեսակ բարբարոս վերաբերմունքը մեր Երևանի նկատմամբ հանդուրժել չի կարելի»:

«Այս ամբողջ Օղակաձև այգին, որը Երևանի թթվածնային թոքերն էին, այսօր էլի վերածվեց երկաթ, բետոն, ապակի, քար, կեղտ․․․»:

Բախշյանի խոսքով՝ քաղաքն անտեր է, և «գայլերի ոհմակները բզկտում են այն»: