Մաքսային միություն մտնելուց հետո ղազախ և հայ գործարարների համար լայն հեռանկար է բացվել, ինչը կնպաստի նաև երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Այս մասին այսօր հայտարարել է «KAZNEX INVEST» արտասահմանյան և ներդրումային ազգային ընկերության գործադիր տնօրեն Ասկար Արինովը։
Արինովը Հայաստան է ժամանել ղազախական գործարար պատվիրակության կազմում, և այսօր պատվիրակության անդամ՝ «СВЕТОКОМ» ընկերության մարքեթինգի մասնագետ Նադեժդա Չերիշևայի հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին։
Լուսացույցների և լուսացուցային սարքավորումների արտադրությամբ զբաղվող «СВЕТОКОМ» ընկերության մարքեթինգի մասնագետ Նադեժդա Չերիշևան էլ, իր հերթին, ընդգծել է, որ իրենց ընկերությունը շահագրգռված է համագործակցություն ծավալել ոլորտի հայ գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում Երևան ներկրել ղազախական արտադրության լուսադիոդային լուսացույցներ:
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը կքննարկվի նաև Հայաստանի ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ, քանի որ բնագավառը Ոստիկանության ենթակայության է: