Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում` «Խարբմայդոն» զորավարժարանում, և արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային զորախմբերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են գործողությունների մտահաղացման հարցերը, ճշտվել են ուսումնական մարտական խնդիրները:
Մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ: