Պորոշենկոն Բեռլինում հանդիպել է Մերկելի հետ

Your browser doesn’t support HTML5

Մինչ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բանակցում են արտգործնախարարների մակարդակով, Բեռլինում այսօր հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը կրկին քննադատել է Ռուսաստանին՝ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար: Անգելա Մերկելն իր հերթին խոստացել է՝ Գերմանիան Ուկրաինային միայնակ չի թողնի:

«Փետրվարին Մինսկում կնքած համաձայնությունից հետո մենք արձանագրել ենք, որ չունենք այն, ինչ պիտի ունենայինք: Մենք դեռևս չենք հասել ամբողջական հրադադարի», - ասել է Անգելա Մերկելը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով, Ուկրաինան կցանկանար կատարել Մինսկի համաձայնագրի 13 կետերը:

«Ինչ խոսք, մենք ցանկանում ենք հասնել հրադադարին, զորքերն ու ռազմական տեխնիկան հետ քաշելուն», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ այդ ամենի իրականացման համար աշխատանքային խմբեր պետք է ներգրավել․ - «Ուկրաինան ամեն օր կորցնում է իր լավագույն տղաներին: Միևնույն ժամանակ, ավելի քան 30 ուկրաինացի հիմա ռուսական բանտում է: Մենք կցանկանայինք ընդգծել, որ Մինսկի համաձայնագիրը պետք է կատարվի»: