Արամ Մանուկյան պնդում է՝ իր գործով նախաքննությունը թերի է իրականացվել

Your browser doesn’t support HTML5

Իր տան բակում ծեծի ենթարկված Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր դատարանում հայտարարեց, որ այսուհետ նիստերին չի մասնակցելու։ Ընդդիմադիր պատգամավորն իր ցուցմունքում կրկին պնդեց՝ նախաքննությունն իրականացվել է թերի, քողարկվել են հանցագործության իրական մեղավորները՝ ամբաստանյալի աթոռին թողնելով ընդամենը կատարողին։

«Այստեղ հարձակում կատարած գործիքի կողքին պետք է նստած լինեին նրա պատվիրատուները: Իմ նկատմամբ հարձակումը որպես երևույթ սկիզբ է առել դեռևս 2008 թվականի ընտրությունների ընթացքում և շարունակվել է անընդհատ՝ քաղաքական հակառակորդների դեմ իշխանության սանձազերծած ահաբեկչությունից», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանուկյանի խոսքով, ամբաստանյալի հարվածն իր առողջությանը լուրջ վնաս է պատճառել․ տևական ժամանակ վերականգնման կուրսեր է անցել, մինչդեռ դատաբժշկական փորձագետները թեթև են որակել ուղեղի ցնցումը, սալջարդը, աչքի և շրթունքի կապտուկները։

«Սկզբից հետևանքները քիչ էր: Հետո շատացավ, և ավելի լուրջ հետևանքներ ունեցա դուրս գալուց հետո, երբ տասը օր ես սիստեմ եմ ընդունել ներերակային: Մոտ քառասուն դեղ եմ ընդունել, և շատ լուրջ վտանգներ կան այդ ժամանակ ճնշման տատանումների հետ կապված», - նշեց Մանուկյանը:

Պատգամավորը պնդում է, որ իրեն սկսել են հետևել բռնությունից դեռ ժամեր առաջ, երբ դուրս է եկել կուսակցության գրասենյակից։ Հետո մի քանի խանութ է այցելել, որտեղ տեսանկարահանող սարքեր կան: Քննիչներն առգրավվել են տեսանյութերը, սակայն դրանք չեն ուսումնասիրել, չեն պարզել՝ ովքեր են հետևել ընդդիմադիր գործչին և ինչու:

«Ավելի քան համոզված եմ, որ սա կազմակերպված էր, և ինձ հետևել են երկար ժամանակ և ոչ մեկ հոգի: Ես խնդրել էի հավաքել բոլոր տեսանյութերը․ եթե իդենտիֆիկացներին, վստահ եմ, կգտնեին ինձ հետևողներին և այն մարդկանց, որոնք կազմակերպել են այս գործը»:

Մեղադրող դատախազը պատճառաբանեց՝ տեսանյութերն իսկապես առգրավվել են, սակայն չեն ուսումնասիրվել՝ վատ որակի պատճառով․ - «Նման պայմաններում ստացված տեսագրություններից հնարավոր չէ ստանալ անձին կամ անձանց բնութագրող որակյալ տեսապատկերներ՝ դեմք, դիմագծեր, հագուստ, տարբերանշաններ և այլ անհատականացման տվյալներ»:

Տուժող կողմը համաձայն չէր նաև առաջադրված մեղադրանքի հետ։ Դիմելով դատավորին՝ փաստաբանը նշեց, որ Արամ Մանուկյանը բռնության է ենթարկվել իր քաղաքական գործունեության համար, բայց նախաքննական մարմինը այդ վարկածը չի դիտարկել։

«Չկա օր, որ ես հեռուստատեսությամբ կամ ինտերնետային ալիքներով չեմ քննադատում էս իշխանություններին: Ուրեմն կամ հիվանդ եմ, կամ ինչ-որ բան էնպես չի: Ես երբեք չեմ կաշկանդվել մարդկանց կամ իրեր իրենց անուններով կոչելու: Խորհրդարանի էն քաղաքական ուժը, որոնց ես կասկածում եմ գործը իրականացնելու համար, հստակ ասում են իրենց ասելիքը՝ պարզ, բաց, անթաքույց: Ելույթներում էդ արտահայտված ա», - ասաց Արամ Մանուկյանը:

Ըստ մեղադրականի, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին դիտավորյալ ծեծի ենթարկած Արշակ Սվազյանին սպառնում է կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ տուգանք 50-80 հազար դրամի չափով։

Այսօր հրապարակված ցուցմունքից հայտնի դարձավ, որ ամբաստանյալ Սվազյանը գործազուրկ է,գումար վաստակելու համար արդեն 20 տարի է թողել է տունն ու արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն հայրենի իշխանություններին՝ մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանին, սիրում է երիտասարդ տարիներից, հպարտանում նրանով և ինչպես իր ցուցմունքում է նշել՝ ընդունում է որպես մեծ եղբայր։

Հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի 11-ին Արշակ Սվազյանը հարձակման էր ենթարկել Արամ Մանուկյանին: Ավելի ուշ նա հայտարարել է, թե «հայրենասիրական ապտակ» է տվել ընդդիմադիր գործչին՝ հանրահավաքում նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար:

Նոր ցուցմունք տալ ամբաստանյալը այսօր հրաժարվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մեկ ամիս անց։