Մակեդոնիայում ութ ոստիկան է սպանվել, կան տասնյակ վիրավորներ

Մակեդոնիա - Ոստիկանները Կումանովոյում, 10-ը մայիսի, 2015թ.

Մակեդոնիայի Կումանովո քաղաքում զինված խմբավորման և ոստիկանության՝ երկրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով սպանվել է ութ ոստիկան, 37-ը վիրավորվել է: Վիրավորվել է նաև 14 զինյալ։

Կումանովոն մոտ է Սերբիայի և Կոսովոյի հետ Մակեդոնիայի սահմաններին:

Մակեդոնիայի ներքին գործերի նախարարը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն և հայտարարել, որ զինված խմբավորման նպատակն է երկրի ներքին կայունության խարխլումը:

BBC-ի փոխանցմամբ՝ Մակեդոնիան բախումների համար մեղադրում է կոսովցիներին, հայտարարելով, որ խմբավորումը առաջնորդել են այժմ լուծարված Կոսովոյի Ազատագրման բանակի հինգ անդամներ։

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ խորապես մտահոգված է վերջին երկու օրերի դեպքերով:

Այսօր ավելի ուշ Մակեդոնիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վտանգը չեզոքացված է, առգրավվել է մեծ քանակությամբ զենք։

BBC-ն հիշեցնում է, որ անցած ամիս շուրջ չորս տասնյակ Կոսովոյի ալբանացիներ կարճատև վերահսկողություն էին հաստատել Մակեդոնիայի սահմանամերձ գյուղերից մեկի ոստիկանատան նկատմամբ՝ պահանջելով այդ երկրի տարածքում ալբանական պետության ստեղծում։