Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել սպառազինությունների և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին հաղորդել է «Ռոսօբորոնեքսպորտ» ընկերության մամուլի ծառայությունը:
BBC-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունում նշված է, որ ռուսական պետական ընկերությունը մտադիր է թուրք գործընկերների հետ բանակցությունների շարք անցկացնել Ստամբուլում, որտեղ այսօր մեկնարկում է պաշտպանական արդյունաբերության IDEF-2015 ցուցահանդեսը:
«Այսօր Թուրքիայի համար մենք իրականացնում ենք Մի-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռների հետվաճառքային սպասարկում և ռուսաստանյան ռազմական արտադրանքի պահեստամասերի ու պիտույքների մատակարարում: Առայժմ դա հիմնականն է, բայց մենք ակտիվորեն աշխատում ենք Թուրքիային ռուսաստանյան սպառազինության և զինտեխնիկայի մատակարարումների ընդլայնման վրա», - ասել են «Ռոսօբորոնէքսպորտ»-ում:
Որպես Թուրքիայի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղություններ ռուսական պետական ընկերությունում նշել են հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համալիրների, զրահատեխնիկայի, կապի մարտավարական թվային միջոցների, ուղեծրային տիեզերական համակարգերի, ինչպես նաև ռազմածովային տեխնիկայի և սպառազինության հետ կապված նախագծերը: