30 միլիոն դրամի կոնյակը, թանկարժեք բաժակները ընծայվել են Երևանի հյուրերին

Հայկական կոնյակ, արխիվ

Այդ ծախսերը, ըստ քաղաքապետարանի, նախատեսված են եղել Երևանի տարեկան բյուջեում՝ որպես ներկայացուցչական ծախսեր:

Երևանի քաղաքապետարանը երկու շաբաթ անց պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ նշել է, որ 2014 թվականին մայրաքաղաքի բյուջեից շուրջ 30 միլիոն դրամի կոնյակն ու մոտ մեկուկես միլիոն դրամի թանկարժեք կոնյակի բաժակները նվիրել է Երևանի հյուրերին։

«Երևանի տարիքը խորհրդանշող՝ «Էրեբունի-Երևան 2796» խորհրդանշով և հոբելյանական լոգոյով ավելի քան 1000 կոնյակները տոնակատարությունների ժամանակ որպես հուշանվեր տրվել են մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամներին և հյուրերին, ինչպես նաև այլ քաղաքներ այցելությունների ժամանակ ընծայվել են մեր պաշտոնական պատվիրակությունների կողմից համապատասխան քաղաքային իշխանություններին», - ասված է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանում։ Որպես հուշանվերներ ընծայվել են նաև կոնյակի ապակե և արծաթե բաժակները։ «Ընդ որում՝ այդպիսի հուշանվերները արարողակարգային բնույթի են և Երևանի քաղաքապետարանն այլ քաղաքներից ժամանած պատվիրակություններից նույնպես ստանում է նմանօրինակ թանկարժեք ընծաներ, որոնք ներկայացված են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի հատուկ ցուցասրահում», - պարզաբանում է քաղաքապետարանը։

«Ազատության» այն հարցին, թե որքանով է իրատեսական աղքատ երկրում նման ծախսեր անելը, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է․ - «Գնումների իրատեսականության հարցը պետք է դիտարկել համալիր և բազմակողմ դաշտում, քանի որ Երևանը ունի քույր քաղաքների և ընդհանրապես աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքների ու քաղաքների հետ համագործակցության լայն շրջանակ։ Եվ այս առումով՝ արարողակարգի պրակտիկայում հուշանվերները, արարողակարգային անհրաժեշտությունից բացի, նաև մեր քաղաքի ներկայանալի լինելը և հարգանքի ու վերաբերմունքի փոխադարձելիությունն են ապահովում»:

Այս ծախսերը, ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, նախատեսված են եղել Երևանի տարեկան բյուջեում՝ որպես ներկայացուցչական ծախսեր, ձեռք են բերվել գնման գործընթացում և գնումների օրենսդրությանը համապատասխան, գործարքները եղել են թափանցիկ, իսկ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հրապարակային։

Քաղաքապետարանի նման շռայլությունը, հիշեցնենք, քննադատել էին ավագանու ընդդիմադիր անդամները՝ նշելով, որ իրենք այս ծախսերին տեղյակ չեն։