Թուրքիայում քննարկել են Ցեղասպանությունը ճանաչելու՝ եվրոպական երկրների հայտարարությունները

Ռեջեփ Էրդողան, արխիվ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի խոսքով, եվրոպական երկրների վրա Թուրքիայի հարձակողական ռեակցիան բարդություններ կստեղծի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում:

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել նաև հայկական հարցերին, ավելի կոնկրետ՝ մի շարք երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու հայտարարություններին:

Ապրիլի 29-ի նիստի մասին գրավոր հաղորդագրություն է տեղադրված Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում: Դրանում նշված է, որ Ազգային անվտանգության խորհուրդը գտնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անատոլիայի հայերի զանգվածային սպանությունները որոշ երկրների և կազմակերպությունների կողմից ցեղասպանություն որակելը, հայտարարությունները և որոշումները Թուրքիայի համար զրո են և անվավեր, քանի որ դրանք արվել են քաղաքական շարժառիթներով և հիմնված չեն պատմական իրականության վրա:

Հիշեցնենք, որ անցած օրերին պաշտոնական Անկարան անհապաղ և շատ կոշտ արձագանքում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարություններին իսկ Վատիկանից և Ավստրիայից անգամ հետ կանչեց իր դեսպաններին:

Այսօր Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը քննադատել է Թուրքիայի նման պահվածքը: Ավստրիական «Դեր Ստանդարտ» թերթին հարցազրույցում հանձնակատարն ասել է, որ 1915 թվականի հայերի ջարդերը ցեղասպանություն ճանաչող եվրոպական երկրների վրա Թուրքիայի հարձակողական, բացասական ռեակցիան բարդություններ կստեղծի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցում:

Հաննը նաև նշել է, որ Անկարայի շատ խիստ ռեակցիան պետք է դիտարկել հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

«Սակայն ինձ անհանգստացնողը երկարաժամկետ հետևանքներն են, - ասել է հանձնակատարը՝ ընդգծելով․ - Հակաեվրոպական և հակաարևմտյան սերմեր ցանելը շատ կդժվարեցնի ապագայում Եվրոպա մտնելը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի գլխավորությամբ անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստը 7 ժամ է տևել: Առանցքային հարցերից մեկը եղել է Էրդողանի քաղաքական հակառակորդ, Ամերիկայում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի և նրա «Հիզմեթ» կոչվող շարժման դեմ պայքարելը: