Ռուսական բազայի սակրավորները մաքրում են փորձադաշտերի տարածքը

Լուսանկարը՝ ՌԴ ԶՈւ Հարավային օկրուգի մամուլի ծառայության

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ինժեներային զորքերի ստորաբաժանումները սկսել են Կամխուդ և Ալագյազ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրները զորավարժություններից հետո մնացած պայթյունավտանգ առարկաներից մաքրելու միջոցառումներ:

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զինվորական սակրավորները պետք է հետազոտեն փորձադաշտերի ընդհանուր առմամբ 10 հեկտար տարածք, այդ թվում՝ լեռնային զանգվածում:

Հաղորդագրության համաձայն, տարածքի մաքրումը իրականացվելու է առավել պատրաստված սակրավորների կողմից՝ համապատասխան տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ և վարժեցված շների օգնությամբ, չպայթած ռազմամթերքի հայտնաբերման դեպքում այն տեղում ոչնչացվելու է:

Ուսուցման ձմեռային շրջանում 102-րդ ռազմաբազայի զինծառայողները Ալագյազ և Կամխուդ փորձադաշտերում ավելի քան 200 մարտական հրաձգություն, շուրջ երկու տասնյակ մարտավարական զորավարժություն են անցկացրել՝ ծախսելով ավելի քան կես միլիոն միավոր ռազմամթերք: