ՀԿ-ն ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքեր է արձանագրել

Արթուր Սաքունց, արխիվ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ամեն եռամսյակի ավարտին հաշվետվություն կներկայացնի։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015 թվականի առաջին եռամսյակում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 56 դեպք է արձանագրել՝ դիտարկելով 15 առցանց լրատվամիջոցների հոդվածներն ու հրապարակումները։

Այսուհետ իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստվում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ներկայացնել ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն։

«Ազատության» հետ զրույցում խոսելով նախաձեռնության նպատակից՝ կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ ոստիկանությունը պարբերաբար հրապարակայնացնում է քաղաքացիների կողմից իրավախախտումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, բայց իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների խախտումների համակարգված և պարբերական զեկույցները բացակայում են։

«Նման տեղեկությունները, բնականաբար, պետք է տրամադրվեին Հատուկ քննչական ծառայության կողմից, բայց, ցավոք սրտի, Հատուկ քննչական ծառայության կողմից նման տեղեկություններ չենք ստանում», - ասաց Սաքունցը։

Եվ այսպես, 2015 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 56 խախտման դեպքերից 19-ի դեպքում ոտնահարվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը, 12-ի դեպքում՝ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, 7-ի դեպքում` անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, 4-ի դեպքում` ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը, և այլն։

Ամփոփելով եռամսյակային հաշվետվությունը՝ Սաքունցը ասաց. - «Ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումների սպեկտրը բավական լայն է, սա՝ մեկ, երկրորդը՝ չնայած բազմաթիվ թրեյնինգներին և այլն, այնուամենայնիվ, հավաքների ժամանակ քաղաքացիների իրավունքների խախտումները դեռևս որպես պրակտիկա չի վերացված՝ սա նույնպես պետք է արձանագրվի»։