Արցախում անցկացվում են Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ

Your browser doesn’t support HTML5

Արցախում անցկացվում են Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ

Վաղ առավոտից Ստեփանակերտում մարդիկ այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգակատուն-հուշակոթող:

Վաղ առավոտից Ստեփանակերտում մարդիկ այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգակատուն-հուշակոթող:

Այսօր տեղի ունեցած հուշակոթողի բացման արարողությանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ հուշակոթողում ամփոփված են Դեր Զորից բերված նահատակների մասունքները․ - «Եվ այս մասունքները միախառնվեցին արցախյան գոյամարտի նահատակների մասունքներին: Այս նահատակների հոգիները ձուլվեցին մեր նորօրյա հերոս-նահատակների հոգիներին, այն նահատակների հոգիներին, որոնք սահմանում ի զեն կանգնեցին, կասեցրեցին ավելի սարսափելի ցեղասպանություն: Փրկեցին մեզ և ավելի մեծ մեղքից ազատեցին Ադրբեջանի ժողովուրդը, որ նրանք ավելի չթաթախվեն մեծագույն մեղքի մեջ»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում ասաց, որ ոճրագործությունները չճանաչելը, պատասխանատվությունից խուսափելը և անտարբերությունը ծնում են նոր աղետներ: Այն, որ միջազգային հանրությունն անմիջապես չճանաչեց ու չդատապարտեց Մեծ եղեռնը, բերեց նրան, որ երկրագնդի տարբեր տարածաշրջաններում իրականացվեցին նոր ցեղասպանություններ․ - «Թուրքիայի օրինակով ոգևորված և անպատիժ մնալու հեռանկարով գոտեպնդված՝ Ադրբեջանը նույնպես ցեղասպանություն իրականացրեց հայ ժողովրդի նկատմամբ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Արցախի տարբեր բնակավայրերում: Սակայն հրեշավոր այս ծրագիրը թշնամին չկարողացավ լրիվությամբ իրագործել: Համայն հայությունը համախմբվեց, վերականգնվեց մեր անկախ պետականությունը, կազմավորվեց ազգային բանակը»:

ԼՂ վարչապետ Արա Հարությունյանի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի համար առաջնահերթություն պետք է լինի Թուրքիան, ոչ թե միջազգային հանրությունը: «Մեզնից կախված է տեղեկացնել, մեզնից կախված է քարոզել, իրականությունը ներկայացնել, որ թուրքական հասարակությունը իր աչքերը բացի և ներքին ճնշում լինի թուրքական իշխանությունների վրա՝ ինչ-որ ժամանակահատվածում ճանաչելու, առևերեսվելու պատմության հետ»:

Լեռնային Ղարաբաղի նախագահն այս տարի ապրիլի 24-ին Երևան չի գնացել, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Պաշտոնական բացատրությունն այն է, որ Սահակյանը պետք է մասնակցեր Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշակոթողի բացման արարողությանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահը այսօր պետք է կանգնած լիներ Երևան ժամանակ մյուս նախագահների կողքին․ - «Իսկ պատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող: Հատկապես տարածված այն կարծիքին, որ Երևան չգնալը պայմանավորված է այլ երկրների նախագահների այցով: Նամանավանդ որ, տարբեր առիթներով Արցախի նախագահը Երևանում կամ Հայաստանի այլ վայրերում հայտնվել է տարբեր երկրների նախագահների կողքին, արդեն դա խնդիր չպետք է հարուցեր»:

Երեկոյան Ստեփանակերտում տեղի կունենա ջահերով երթ դեպի զանգակատուն-հուշակոթող: