Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, 21-ը ապրիլի, 2015թ․

Այս տարի լրացավ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 100-րդ տարին:

Բազմահազար մարդիկ, այդ թվում՝ սփյուռքահայեր, օտարերկրյա հյուրեր արդեն մի քանի օր է՝ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում է, որոնց մասնակցելու են արտերկրից ժամանած ավելի քան 60 միջազգային պատվիրակություններ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի նախագահները։ Երևան պետք է ժամաներ նաև Բոսնիայի և Հերցեգովինայի Սերբական հանրապետության նախագահը, սակայն նա կես ճանապարհից հետ է դարձել՝ պնդելով, թե Թուրքիան թույլ չի տվել իր օդային տարածքով ուղևորվել Երևան։

Արարողությանը մասնակցելու է նաև Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակությունը՝ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի ղեկավարությամբ։

Ոգեկոչման գլխավոր միջոցառման ավարտից հետո ժամը 13.00-ից հուշահամալիր մուտքը կբացվի քաղաքացիների համար։

Արդեն երեկոյան 20:15-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ:

Երեկոյան ժամը 22-ին էլ Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը։ Հազարավոր քաղաքացիներ ջահերով կուղևորվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հիշատակի միջոցառումներ են անցկացվում նաև արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքահայ կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

Այսօր մի շարք հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև Թուրքիայում։ Պոլսո Հայոց պատրիարքարանի գլխավոր` Աստվածածնի եկեղեցում պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատարագ կմատուցի, որին, ըստ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը կմասնակցի նախարարական մակարդակով:

Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում տարբեր միջոցառումներ կանցկացվեն ինչպես Ստամբուլում, այնպես էլ Դիարբեքիրում, իսկ արդեն երեկոյան Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հայերն ու թուրքերը միասին կոգեկոչեն զոհերի հիշատակը։