Ղազախստանը «չի ընդունում» ԵՏՄ միասնական արժույթի գաղափարը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Աստանայում, 20-ը մարտի, 2015թ․

Ղազախստանը չի ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցնելու գաղափարը, երեկ տեղական լրատվամիջոցներին ասել է երկրի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Թիմուր Ժակսիլիկովը։

Ղազախստանն ունի հստակ ու հետևողական դիրքորոշում, որը բացառում է դաշինքում միասնական արժույթ ունենալը, նշել է պաշտոնյան։

Ղազախստանի ու Ռուսաստանի միջև վերջին շրջանում տնտեսական լարվածություն աճել է. սպառողների անվտանգությունից ելնելով՝ մարտից Աստանան սահմանափակել է ռուսական արտադրության սննդամթերքի ներմուծումը, Մոսկվան էլ, իր հերթին, նույն պատճառաբանությամբ արգելել է ղազախական կաթնամթերքի, մրգերի ու բանջարեղենի ներմուծումը։