Լավրով. «Հնարավորություն կա գտնելու հիմքեր հետագա առաջընթացի համար»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Մենք կողմ ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որով, ըստ էության, կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Sputnik, «Эхо Москвы», «Говорит Москва» ռադիոկայանների հետ զրույցում։

«Ռուսաստանը արել է ավելին, քան ցանկացած այլ երկիր, որպեսզի գտնի այս ճգնաժամից դուրս գալու լուծումը։ Մենք շարունակում ենք աշխատել և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Մենք մշտապես աշխատում ենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի արտգործնախարարների հետ։ Մեր նախագահը ևս երկու երկրների նախագահների հետ հանդիպումներում քննարկում է այս խնդիրը։ Հնարավորություն կա գտնելու հիմքեր հետագա առաջընթացի համար: Հուսով ենք, որ առաջիկա շփումները թույլ կտան արագացնել այս հարցի լուծումը։ Իմ կարծիքով, այն արդեն վաղուց հասունացել է», - ասել է Լավրովը։

«Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել է՝ Մոսկվան կնպաստի, որպեսզի ուժի մեջ մտնեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին արձանագրությունները: Նրա խոսքով, մի քանի տարի առաջ Մոսկվան աջակցել է այդ արձանագրությունների ստորագրմանը:

«Ցավոք սրտի, փաստաթուղթը ստորագրվեց, բայց օրենքի ուժ չստացավ, քանի որ Թուրքիան այն չվավերացրեց, բայց մենք կնպաստենք, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է Լավրովը։