Քաղաքապետարանը որոշ երթուղիների նոր ավտոբուսները փոխարինում է հներով

Your browser doesn’t support HTML5

Քաղաքապետարանը պնդում է, թե երթուղու շահագործման արդյունավետությունն է բարձրացնում։

Երեք տարի առաջ Երևանի քաղաքապետարանը հանդիսավոր կերպով ցուցադրեց Չինաստանից նվեր ստացած թվով 249 «Հիգեր» կոչվող ավտոբուսները՝ որոնք, ըստ քաղաքային իշխանության, Երևանի տրանսպորտի վիճակը բարելավելու նպատակով են շահագործվելու:

Այսօր արդեն Նոր Նորքի 2-րդ զանգվածից մինչև Այնթափ գյուղ տանող 38 երթուղում գործող չինական այդ ավտոբուսները փոխարինվել են ավելի վաղ շահագործվող՝ ուկրաինական դեղին «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով:

««Բոգդան»-ների համեմատ, չինական ավտոբուսները ավելի լայն են ու հարմարավետ», - «Ազատության»-ը փոխանցեցին այս փաստից դժգոհ ուղևորները։

Այս խնդրի հետ կապված քաղաքապետարանից «Ազատության»-ը հետևյալ պարզաբանումները տվեցին՝ ««Երևանի ավտոբուս» ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, և, հաշվի առնելով այդ հանգամանքը, ներկայումս երթուղին սպասարկվում է «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով: Դրանց վառելիքի ծախսը չինական ավտոբուսների համեմատ քիչ է, և երթուղու շահագործման արդյունավետությունը ավելի բարձր է»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով, քաղաքապետարանն իր այս քայլով փորձում է հասկացնել՝ «եթե տրանսպորտի սակագինը չբարձրանա՝ վերադառնալու ենք անորակ ավտոբուսներին»։

«Պատճառն այն է, որ պետք է ձևավորել այնպիսի տպավորություն, որ համակարգը գնում է դեպի փլուզման և անխուսափելի է թանկացումը։ Մինչդեռ, երբ փորձ արվեց թանկացում իրականացնել, հաշվարկներն ապացուցեցին, որ ինքնարժեքը կարող է լինել100 դրամից ցածր, հանրային ընդվզումն էլ ցույց տվեց, որ հասարակությունը պատրաստ չի եղել վճարել 100 դրամից ավելի և փակուղի մտավ Երևանի քաղաքապետարանը։ Հիմա նման գորոծողություններով փորձ է արվում փակուղի մտցնել քաղաքացուն», - ասաց Պիպոյանը։

Առնվազն 50 հոգու համար նախատեսված չինական ավտոբուսները, վարորդների խոսքով, անփոխարինելի են: Նրանք վստահեցնում են, որ թանկ են չինականների ավտոպահեստամասերը, բայց վառելիքի առումով գրեթե տարբերություն չկա:

«Չինական ավտոբուսները շահագործվում են գազով, «Բոգդան»-ները՝ դիզելային վառելիքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ուկրաինական «Բոգդան» մակնիշի ավտոբուսներից մեկի վարորդը՝ նշելով, որ դրանք արդեն մաշված են և, դրանց պահեստամասերը ևս էժան չեն:

Վարորդներից շատերի համար պարզ չէ, թե ի՞նչ հաշվարկներից ելնելով են քաղաքապետարանում պնդում, թե ուկրաինական ավտոբուսների շահագործումը, ի համեմատ չինականի, ավելի մատչելի է։

«Վարդագույնն ավելի հեշտ է պահվում, որովհետև գազով է, նոր մեքենաներ են, դեռ ահագին կքշվեն, իսկ սրանք արդեն տասը տարվա մեքենաներ են», - ասաց վարորդներից մեկը։

«Աշխարհի որևէ երկրում երթուղին որպես բիզնես չեն դիտարկում: Ժամանակն է, որ Կառավարությունը սուբսիդավորի այս ոլորտը», - ասաց Պիպոյանն ու ընդգծեց, որ ոլորտն արմատական փոփոխությունների կարիք ունի՝ հավելելով, որ չինական ավտոբուսն ուկրաինականով փոխարինելով հարցը չի լուծվի։

«Պայմանական. մենք տեղափոխելու ենք ընդամենը 100 մարդ։ 100 մարդ տեղափոխելու համար պետք չէ ունենալ 10 ավտոբուս, 100 մարդ տեղափոխելու համար բավական է երեք ավտոբուս։ Հետո պետք է հասկանալ, որ այս 100 ավտոբուսը, որ մենք ունենք Երևանում ինչպես շարժվեն, որպեսզի խցանումներ չլինեն և ինչպես շարժվեն, որպեսզի բոլոր մարդկանց կարողանան տեղափոխել։ Եթե սրանից հետո ևս կտեսնենք, որ 100 դրամով հնարավոր չէ շահագործել, ապա կարելի է արդեն հետևյալ հարկային արտոնությունները տալ, օրինակ, ավտոպահեստամասերը մաքսային վճարներ չվճարեն, վառելիքը ավելի մատչելի լինի», - ասաց Պիպոյանը։