Արդարադատության համակարգը կսկսի կալանքի փոխարեն նաև այլընտրանքային պատիժներ կիրառել

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում պրոբացիոն ծառայություն կներդրվի

Մինչև 2016 թվականի սկիզբը՝ նախատեսվում է ներդնել պրոբացիոն ծառայություն, այսօր ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այսինքն կալանքի կամ կարճաժամկետ ազատազրկման փոխարեն արդարադատության համակարգը պետք է սկսի կիրառել նաև այլընտրանքային պատիժներ՝ հանրային աշխատանք, տնային կալանք՝ էլեկտրոնային մոնիթորինգի հնարավորությամբ:

«Բարեփոխումները պետությունը իրականացնում է՝ նպատակ ունենալով նվազեցնել ազատազրկման վայրերում գտնվողների թիվը և կալանքը, որպես խափանման միջոց, կամ ազատազրկումը բացառիկ դեպքերում պետք է կիրառվի, երբ իրոք այլընտրանքային եղանակները արդյունավետ չեն լինի», - նշեց նա:

Քրմոյանն ասում է՝ հուսով են ողջ օրենսդրական բազան կմշակվի մինչև աշուն և կընդունվի ազգային ժողովի կողմից, սակայն արդեն մայիսին Երևանում և Վանաձորում սկսելու են փորձարկել ծրագիրը:

Այժմ քրեակատարողական հիմնարկներում 4 հազարից ավելի մարդ է պահվում, որոնցից մոտ երեք հազարը դատապարտյալներ են, իսկ հազարից ավելի մարդու նկատմամբ կալանքն է ընտրվել որպես խափանման միջոց: Ծրագրի առաջին փուլի ընթացքում Քրմոյանի խոսքով ակնկալում են մոտ 1300 հոգի կլինեն պրոբացիոն ծառայության շահառուներ: Պետությունը բյուջեից ծրագրի վրա կծախսի մոտ 600 միլիոն դրամ:

Արդարադատության նախարարի տեղակալը, սակայն, ասում է՝ դա ավելի շահավետ կլինի բյուջեի համար․ - «Մի քանի անգամ ավելի շահավետ է, որ համապատասխան անձիք գտնվեն պրոբացիոն ծառայության հսկողության ներքո, քան գտնվեն քրեակատարողական հիմնարկում: Նախ՝ այդ մարդկանց մենք չենք զրկի ազատությունից, նրանք կգտնվեն համայնքում իրեն ընտանիքների հետ, կկարողանան շարունակել իրենց աշխատանքային գործունեությունը, վճարել հարկերը: Բացի դրանից՝ պետությունը ավելի քիչ գումար կծախսի նրանց կեցության հետ կապված, ներդրվող տարեկան 600 միլիոն դրամի փոխարեն մենք կստանանք շուրջ 2 միլիարդ տնտեսում և դա պետության բյուջեի համար շահավետ բարեփոխում կլինի նաև»:

Պրոբացիայի ծառայության ստեղծմանը աջակցում է Եվրոպայի խորհուրդը։ Ծրագրի խորհրդատուներից Մարտին Սեդդոնն ասում է՝ իրենք հասկանում են, որ Հայաստանում որոշակի դժգոհության կա քրեակատարողական և պատժի կրման համակարգից, սակայն իրենք տպավորված են այն եռանդուն ջանքերով, որ գործադրվել են փոփոխության հասնելու համար։

«Հայաստանի քրեակատարողական համակարգը չափազանց շատ է հիմնվում բանտարկության վրա՝ ոմանց նկատմամաբ՝ այն չափազանց վաղ է կիրառվում, ոմանց նկատմամբ՝ չափազանց երկար, և ավելի քիչ ջանքեր են ներդրվում՝ պատժիչ և ուղղիչ ալընտրանքային ձևերի կիրառման վրա՝ առանց մարդկանց փակի տակ պահելու: Մինչդատավարական փուլում՝ եվրոպական փորձն ասում է, որ մարդկանց մեկուսացնելը լավ բան չէ, և եթե հնարավոր է՝ պետք է խուսափել կալանքից: Պետք է այնպես անել, որ անձը դատարանի առջև կանգնի առանց քննությանը խանգարելու, սակայն նաև շաբաթներով կամ ամիսներով փակի տակ չհայտնվի մարդկանց հետ, ովքեր հանցանք են գործել», - ասում է Սեդդոնը:

Փորձագետն ասում է՝ Եվրոպայի խորհուրդն, օրինակ, էլեկտրոնային մոնիթորինգի կողմնակիցն է՝ մինչդատական փուլում կալանավորման փոխարեն: Հուսով է՝ Հայաստանում ևս կսկսի փորձարկվել համակարգը, երբ սարքավորումները ստացվեն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ գաղափարը լավն է, իրենք էլ ակտիվորեն հետևելու և մասնակցելու են դրա իրականացմանը, սակայն կարևոր է որ լավ գաղափարը չարժեզրկվի վատ կատարմամբ․ - «Դա շատ հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է, որ պետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակը ունի: Հիմա ինչպե՞ս դա կկարողանան իրականացնել, դա երկրորդ հարցն է, որովհետև ինչպես միշտ՝ լավ գաղափարները վատ կատարման միջոցով կարող են նաև արժեզրկվել»: