«Գազպրոմ Արմենիա»-ի ապագա համալիրի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչները վաճառում են բնակարանները

Your browser doesn’t support HTML5

Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցին հարող հատվածում այսօր կատարվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կառուցվելիք բազմաֆունկցիոնալ ուսումնամարզական համալիրի հիմնարկեքը՝ նախագահ Սերժ Սարգսյանի և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի մասնակցությամբ։

Միլլերը նշեց, որ համալիրը կառուցվելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Այստեղ կլինեն մանկապարտեզ, դպրոց, լողավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, հրապարակներ՝ Հայաստանում հայտնի սպորտաձևերի համար․ - «Ցանկանում ենք, որ աճող սերունդը մեծանա, ամուր, դիմացկուն առողջ ու ներդաշնակորեն զարգացած, և այս համալիրը «Գազպրոմ Արմենիա»-ի ավանդն է Հայաստանի ապագայի համար»։

Հիշեցնենք, կառուցվելիք համալիրի հողատարածքը օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը քառակուսի մետրը քսան դոլարով վաճառեց «Գազպրոմ Արմենիա»-ին. 300 միլիոն դրամի դիմաց ընկերությունը ստացավ 32 հազար քառակուսի մետր տարածք։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դժվարացավ պատասխանել «Ազատության» հարցին՝ դպրոցն ու մանկապարտեզը վճարովի՞ են լինելու, թե՞ ոչ․ - «Իրենց սեփականությունն է լինելու, և նրանք պետք է պատասխանեն, բայց համոզված եմ, որ այն հնարավորությունները տալու են մեր թաղամասի բնակիչներին, որ հանգիստ կարողանան այցելել»:

Իսկ հարցին, թե կարող է արդյոք ցանկացած քաղաքացի քսան դոլարով հողատարածք գնել Ծարավ Աղբյուր փողոցին հարող հատվածում, քաղաքապետը պատասխանեց․ - «Եթե մեծ ներդրումային ծրագրեր իրականացնեն, անպայման կարող են»:

Հիմնարկեքի ընթացքում սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված հարակից բազմաբնակարան շենքի մի քանի պատշգամբներին փակցվել էին «Վաճառվում է» գրությամբ պաստառներ։ Բնակիչները բողոքում էին, որ համալիրը կառուցվում է երեխաների համար խոստացված խաղահրապարակի ու պուրակի հաշվին։

«Քանի որ այս շենքը հանձնվել է նախատեսված ժամանակից մոտ մեկուկես տարի ուշացումով, պետք է փոխհատուցեին: Նրանք մեզ նախևառաջ խոստացան փոխարենը խաղահրապարակ, հետո պաշտոնապես հայտարարություն արվեց, որ այդտեղ լինելու են մեր երեխաների համար, ամբողջ համայնքի համար հայկական դպրոց, մանկապարտեզ, մեծ պուրակ և այլն, ինչը այսօրվա դրությամբ, ստացվում է, որ սուտ խոստում էր», - ասաց բնակիչներից մի կին:

«Ես էլ եմ փակցրել, որ վաճառում եմ բնակարանը», - ասաց մեկ այլ բնակիչ: - «Քանի որ բնակարանը ստանալիս մեզ խոստացել էին, որ այստեղ կլինի սիրուն խաղահրապարակ երեխաների համար, բայց հիմա Գազպրոմի շենքերը կփակեն և՛ արևի լույսը, և՛ չի լինի հրապարակը»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն, վստահեցնում է, որ այգին անպայման կառուցվելու է․ - «Թող այդ մտահոգությունը չլինի: Այն, ինչը խոստացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ամբողջությամբ, նախագծով հանձնվելու է մեր բնակիչներին»: