2020 թվականից ՀՀ-ն կարող է էլեկտրականության շոշափելի պակաս ունենալ

Your browser doesn’t support HTML5

Եթե էլեկտրաէներգիայի արտադրության լրացուցիչ հզորություններ չստեղծվեն, 2020 թվականից Հայաստանը կունենա էլեկտրականության շոշափելի պակաս, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

«Մեր բոլոր ռազմավարական հետազոտությունները, որոնք իրականացրել ենք այլ դոնորների և Հայաստանի կառավարության հետ, ցույց են տալիս, որ 2020 թվականին մոտ Հայաստանի էներգետիկ համակարգը կունենա էլեկտրաէներգիայի պակասուրդ, և նոր հզորություններ են հարկավոր՝ այդ բացը լրացնելու համար: Մեր հետազոտություններից պարզ է դառնում, որ վերականգնվող էներգետիկան ու էլենտրաէներգիայի արտադրության նոր աղբյուրները բավարար չեն լինելու՝ լրացնելու այդ բացը, և 2020 թվականին Հայաստանը էլեկտրաէներգիայի՝ լրացուցիչ մոտ 500 ՄՎտ հզորության կարիք կունենա», - ասաց Լորա Բեյլին։

Համեմատության համար նշենք, որ հայկական ատոմակայանի այսօրվա հզորությունը կազմում է շուրջ 400 ՄՎտ:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի էներգետիկայի գծով ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանը մանրամասնեց՝ հիմք ընդունելով երկրի տնտեսության աճի Կառավարության ծրագրերը, իրենք կանխատեսել են, որ առաջիկա 20 տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկը աճելու է: Բացի այդ, ըստ տնտեսագետի, դիտարկել են, թե էլեկտրակայանները դեռ որքան են շարունակելու գործել:

Կոչնակյանը ընդգեց՝ իրենք հաշվի են առել նաև, որ վերանորոգման արդյունքում հայկական ատոմակայանի կյանքը 2016 թվականից երկարելու է 10 տարով, ինչպես խոստացել է Կառավարությունը:

Պատկերացնելու համար, թե 500 ՄՎտ էլեկտրաէներգիայի պակասուրդը ի՞նչ նշանակություն կունենա Հայաստանի համար, տնտեսագետն ասաց՝ իրենց հաշվարկով, 2020 թվականին երկիրը կունենա էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 2 հազար ՄՎտ հզորություն:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այդ ամենը նշանակում է, որ նման պակասուրդի հետևանքով հովհարային անջատումները կվերսկսվեն, Կոչնակյանը պատասխանեց. - «Ես կասեի, որ վերադարձ դեպի 90-ականների օրեական 2-4 ժամ էլեկտրամատակարարմանը, քիչ հավանական է, որովհետև այդ բացը 2020 թվականին միանգամից 500 ՄՎտ-ի չափով չի լինելու. միանգամից չի լինում, որ 2019 թվականին ունենաք բավարար հոսանք, հետո 2020 թվականին միանգամից 500 ՄՎտ բաց։ Այդ բացը կամաց-կամաց է գոյանում, բայց կայանը պետք է սարքել միանգամից»։

Այսօր լրագրողներին հրավիրել էին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակ՝ տեղեկացնելու, որ բանկը 52 միլիոն դոլար վարկ է տրամադրել Հայաստանին՝ հիմնանորոգելու երկու ենթակայաններ՝ Աշնակի ու Երևանի ՋԷԿ-երը, ինչը նպաստելու է երկրում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարմանը:

Արթուր Կոչնակյանը տեղեկացրեց, որ ՀԲ-ն Հայաստանի կառավարության հետ ուսումնասիրում է երկրի էներգետիկ ոլորտի, ներառյալ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական վիճակը, և մշակվելու է ֆինանսական առողջացման ծրագիր:

Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի կառվարությունը վարկ վերցնի Համաշխարհային բանկից՝ ռուսներին պատկանող ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը շտկելու համար, Կոչնակյանը պատասխանեց. - «Պարտադիր չէ, որ ենթադրի լրացուցիչ վարկեր»։

ՀԲ․ 2015-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 0.8 տոկոսով, եթե․․․

«Եթե դրամի փոխարժեքը որևէ ուղղությամբ կտրուկ կերպով տատանվի, դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ արտահանման և առտրի համար: Ինչպես որ տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերին», - ասաց Բեյլին։

Լորա Բեյլիի խոսքով, այս տարի Հայաստանի տնտեսությունը հնարավոր է աճի 0.8 տոկոսով: Այսպիսով, Համաշխարհային բանկն ավելի քան չորս անգամ նվազեցրել է երկրի տնտեսական աճի իր նախկին՝ 3.5 տոկոս կանխատեսումը:

Սակայն, ինչպես ասաց Բեյլին, սա էլ վերջնական թիվը չէ. 2015 թվականին Հայաստանը կարող է տնտեսական անկում գրանցել, եթե Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը խորանա, կամ հայկական դրամի փոխարժեքը կտրուկ կերպով տատանվի:

«Սպասու՞մ եք, որ դրամը այս տարի կարժեզրկվի», - հարցրեցինք Լորա Բեյլիին: «Ոչ մի կանխատեսում չունեմ, թե դրամի հետ ի՞նչ կկատարվի: Այն, ինչ ես փորձում էի ասել, հետևյալն է՝ եթե դրամի փոխարժեքը որևէ ուղղությամբ կտրուկ կերպով տատանվի, դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ արտահանման և առտրի համար: Ինչպես որ տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերին», - ասաց Բեյլին։