Սերժ Սարգսյանը Չինաստանում ներկայացրել է Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո։ Համաժողովը անդրադարձել է արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Բոաոյի համաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Նա ասել է, թե Հայաստանը պատրաստ է դառնալ «նաև ասիացի գործարարների շահերի կենտրոն»։

«Կառաջարկեի դիտարկել նաև չինական և այլ ասիական խոշոր ընկերությունների Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը` Մետաքսի ճանապարհ նախաձեռնությանը համահունչ։ Համագործակցության նախադրյալներ կան նաև զբոսաշրջության ոլորտում՝ ներառյալ «Մեծ մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղու շրջանակներում»,- ասել է Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից.- «Մեր կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից»,- ասել է նա։

Բոաոյում նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում նաև առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ավարտելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան: