Գյումրիի ավագանին մերժեց երկրի նախագահին ուղերձով դիմելու առաջարկը

Your browser doesn’t support HTML5

Գյումրիի ավագանին մերժեց երկրի նախագահին ուղերձով դիմելու առաջարկը

Գյումրիի ավագանին այսօր օրակարգից հանեց ավագանու ընդդիմադիր անդամ Լևոն Բարսեղյանի առաջարկը՝ ուղերձով դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Բարսեղյանը իշխանություններից պահանջում է անվտանգության երաշխիքներ տալ 102-րդ ռուսական ռազմակայանի հարևանությամբ ապրող գյումրեցիներին:

«Ուղերձը շատ հասարակ բան էր․ խնդրում ենք Սերժ Սարգսյանին հանրության ներկայացնել անվտանգության երաշխիքներ և [Ավետիսյանների ընտանիքի սպանության] գործի քննությունը վերցնել Հայաստանի Հանրապետության ձեռքը՝ կալանավորին փոխանցելու բանով․․․ Մի քանի տող էր ընդամենը», - ասաց Բարսեղյանը: - «Բուռն դիմադրություն ունի ավագանին: Եվ ես հասկանում եմ, որ քաղաքապետն էլ բոլորովին չի ուզում, որ նման որոշում ընդունվի: Ուղերձը իշխանություններին դիմելու ավագանու իրավունքն է օրենքներով, և քաղաքացիների շահերի պաշտպանության համար մենք իրավազոր ենք դա անել: Եվ ավելին՝ մենք պարտավոր ենք դա անել: Ո՞վ պիտի այդ երաշխիքները տա հանրությանը, եթե ոչ գլխավոր պաշտոնը զբաղեցնող մարդը, այդ դեպքում Սերժ Սարգսյանը»:

Հարցը օրակարգից հանել առաջարկեց ավագանու անդամ Արամայիս Բաղրամյանը (ՀՀԿ): «Սերժ Սարգսյանին ուղերձ հղելու հարցը․․․ Երկրի նախագահը նախագահ դառնալու օրվանից Սահմանադրությամբ հանդիսանում է երկրի երաշխավորը: Էլ նորից մենք պետք է հիշեցնե՞նք իրեն», - իր քայլը պարզաբանեց Բաղրամյանը:

Ավելի վաղ՝ Ավետիսյանների սպանդից մեկ շաբաթ անց ավագանու անդամները ուղերձով դիմել էին երկրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով, որ գործի քննությունը փոխանցվի հայ իրավապահներին: Անցել է ավելի քան երկու ամիս, սակայն պատասխան չկա: Ինչը, ըստ Լևոն Բարսեղյանի, օրենքի խախտում է․ - «Խախտել է Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջը՝ պետական պաշտոնյաները ավագանու ուղերձին պետք է պատասխանեն մեկ ամսվա ընթացքում»:

Your browser doesn’t support HTML5

Գյումրիի ավագանին մերժեց երկրի նախագահին ուղերձով դիմելու առաջարկը