ԿՀՎ-ի ղեկավարը վստահ է, որ ԱՄՆ-ը կարող է կանխել միջուկային ռումբի ստեղծումը Իրանի կողմից

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը, ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը կարող է խոչընդոտել միջուկային զենք ստեղծելու՝ Թեհրանի ծրագրերը, և որ Իրանցի պաշտոնյաները գիտակցում են, թե նման զենք ստեղծելու փորձերը ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ իրենց համար:

Իրանի և աշխարհի 6 առաջատար պետությունների ներկայացուցիչներ անցած շաբաթ բանակցություններ անցկացրեցին Շվեյցարիայում, փորձելով համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թեթևացնելու շուրջ:

Կողմերը նախատեսում են շրջանակային համաձայնագիր կնքել մինչև մարտի 31-ը, իսկ վերջնական պայմանագրի ստորագրումը նախատեսվում է հունիսի 30-ին:

Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, սակայն Արևմտյան տերությունները կասկածներ ունեն, որ իրականում Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել: